Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ֆրանսիայի սենատի անդամներ Ռենե Դանեսի և Ժիզել Ժուրդայի հետ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանը:
Նշվում է, որ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել սենատորներին՝ Վրաստանին աջակցելու համար: Նա ընդգծել է զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցության կարևորությունը, որը, ըստ նրա գնահատման, դրական դեր է խաղում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման գործում:
Խորհրդարանի նախագահը Ռենե Դանեսին և Ժիզել Ժուրդային ներկայացրել է Վրաստանի արտաքին քաղաքական գերակայությունները: Հյուրերի հարցերին ի պատասխան, Իրակլի Կոբախիձեն խոսել է երկրում և տարածաշրջանում անվտանգության հարցերի, Վրաստանի գրավյալ շրջաններում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, երկրի տնտեսական քաղաքականության և արևմտյան կառույցներին ինտեգրման մասին: