Վրաստանի կառավարությունը հաստատել է լայնամասշտաբ ենթակառուցվածքի զարգացման պետական ծրագիրը: Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, նախաձեռնության շրջանակներում ստեղծվել է գործնական ծրագիր, որի արդյունքում օպտիկական ինտերնետային ցանց է հասանելի դառնալու 2000-ից ավելի բնակավայրերի՝ քաղաքների եւ գյուղերի համար. «Ուզում եմ հիշեցնել, որ ծրագիրը ներկայացրել ենք մի քանի ամիս առաջ: Մինչ այս պահը երկիրը բաժանել ենք մի քանի շրջանների: Պետական այս ծրագիրը այնպես է կառուցվել, որ հաշվի է առնում նաեւ կից ոլորտների հետաքրքրությունները: Ինչ վերաբերում է այն տարածքներին, որտեղ համացանցն ընդհանրապես հասանելի չէ, ապա այն հասանելի կդառնա «Քարթու» հիմնադրամի ֆինանսական միջոցներով: Սա բարեգործական ծրագիր է, առանց որեւէ բիզնես հետաքրքրության: Այս ծրագիրը կարժենա մոտ 100 միլիոն դոլար: Սա շատ կարեւոր գործ է, քանզի տեղեկատվության հասանելիությունը առաջնահերթություն է ազատ հանրության ձեւավորման համար: Կարծում եմ, սա ռազմավարական կարեւորություն ունի ինչպես գիտելիքի, այնպես էլ քաղաքացիական հասարակության ձեւավորման տեսանկյունից: Շատ լավ է, որ մենք կարճ ժամանակի ընթացքում կարողացանք իրականացնել այս ծրագիրը, որը առավելագույն արդյունավետություն կունենա»,- ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետի համաձայն` ծրագիրն իրականացվում է «Քարթու» հիմնադրամի եւ տնտեսական զարգացման նախարարության իննովացիաների եւ տեխնոլոգիաների գործակալության կողմից: Գործակալությունը հիմնադրել է «Open Net» կազմակերպությունը, որի շնորհիվ համագործակցություն է իրականացվում կից ոլորտների եւ պետական հատվածի միջեւ: