Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին լեհական «Վիբորչա» հաղորդմանը խոսել է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ճանապարհի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքով` Վարշավայի գագաթնաժողովի համաձայնագրի համաձայն, Վրաստանը կմասնակցի սեւծովյան քննարկումներին: «Կավելացնենք պաշտպանական հնարավորությունները, կիրականացնենք օդային պաշտպանության եւ օդային ուժերի արդիականացում, ինչպես նաեւ կհոգանք կիբեռհարձակման դեմ պաշտպանության մասին»,-նշել է Մարգվելաշվիլին:
Նրա խոսքով` 2008 թ. Բուխարեստի գագաթնաժողովի հարցը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ուժի մեջ է: «Մեր անդամագրվելու պարտականությունները գործընթացում են: Իրականանցնում ենք բարեփոխումներ, ավելացնում ենք պաշտպանական հնարավորությունները: Կարծում եմ, որ այստեղ Վրաստանը գերազանց է: Մասնակցում ենք ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ռազմական ու խաղաղարար առաքելություններում` Աֆղանստանում, Կոսովոյում, Մալիում եւ կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում: Եվրամիության հետ ստորագրել ենք Ասոցացման համաձայնագիրը, որն արդեն ուժի մեջ է մտել»,- ասել է Վրաստանի նախագահը` նշելով, որ այս պահին օրակարգում է Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը:
«Եվրոպան գնահատում է մեր կողմից արված ծանր աշխատանքը: Հնարավոր է, որ արդեն այս աշնանը Վրաստանի քաղաքացիներից Եվրոպա գնալու համար վիզա հարկավոր չլինի»,— ասել է Մարգվելաշվիլին` ընդգծելով, որ սևծովյան տարածաշրջանը Վարշավայի` վերջերս տեղի ունեցած գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկն է եղել: «Սեւ ծովը եվրոպական ծով պիտի լինի, որտեղ կգործեն համագործակցության միջազգային սկզբունքները: Վրաստանի նավահանգիստներից տասնյակ ասիական երկրներ են օգտվում` Եվրոպա արտահանելով իրենց ապրանքները: Սա չի կարող լինել ռազմական հակամարտության ծով, ինչպիսին այն այսօր է»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: