Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ներկայացվեց բրազիլական «Էմբրաեր» կազմակերպության նոր՝ „Shark“ E190-E2 մոդելը, ինքնաթիռը փորձնական թռիչք կատարեց Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ: Շնաձկան տեսքով մոդելը համալրեց Georgian airways-ի «էմբրաեր» կազմակերպության ինքնաթիռների շարքը, այն թվով 4-րդը կլինի, 2019 թ․ ծրագրվում է ձեռք բերել ևս 5 մոդել:
104 ուղևորի համար նախատեսված ինքնաթիռը ներկայացրին Georgian airways-ի գլխավոր տնօրեն Գիվի Դավիթաշվիլին և Embraer Commercial Aviation-ի Եվրոպայի, Ռուսաստանի և կենտրոնական Ասիայի ու լիզինգի փոխտնօրեն Մարտին Հոլմսը: Մեզ հետ զրույցում վերջինս շնորհակալություն հայտնեց Georgian Airways-ին՝ Վրաստանում ինքնաթիռը ներկայացնելու ընձեռած հնարավորության համար:
Նա վստահեցրեց նաև, որ ներկայացված ինքնաթիռը աշխարհում ամենահանգիստն ու ամենամաքուրն է.
«Ինձ համար շատ հաճելի է գտնվել այստեղ, քանի որ ներկայացնում եմ աշխարհի ամենահանգիստ, ամենամաքուր և վառելիքի օգտագործման տեսանկյունից ամենաարդյունավետ ինքնաթիռը: Ուրախացնում է նաև այն փաստը, որ այս միջոցառումը կազմակերպել ենք շատ արժանի և վստահելի Georgian Airways ընկերության հետ համատեղ»:
Մարտին Հոլմսը հույս հայտնեց, որ Georgian airways-ը ինքնաթիռը կգնի մոտ ապագայում:
Georgian airways ընկերության տնօրեն Գիվի Դավիթաշվիլին իր խոսքում նշեց, որ «էմբրաեր» կազմակերպության հետ բանակցությունները մեկնարկել են ավելի վաղ, քան աշխարհի տարբեր երկրներում ինքնաթիռի ցուցադրական չվերթների իրականացումը:
Ավելի շատ նստատեղեր և ավելի տնտեսող՝ վառելիքի տեսանկյունից․ սրանք են նոր ինքնաթիռի երկու հիմնական առավելությունները, սակայն սա դեռ ամենը չէ.
«Այս համակարգը նույնիսկ զրոյական տեսանելիության պայմաններում օդաչուին 3D ձևաչափով ցույց է տալիս օդանավի շուրջ տեղի ունեցող պատկերը: Անվտանգության տեսանկյունից այս համակարգը լավագույնն է համարվում»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց Իրակլի Մեզուրիշվիլին, ով փորձնական թռիչքի օդաչուն էր:
«Էմբրաերի» ինքնաթիռը Թբիլիսիից Բաթումի չվերթը կատարեց մոտ 20 րոպեում: Ուղևորները գոհ էին, ասում էին՝ այլ ինքնաթիռների համեմատ այս մոդելն առավել հարմարավետ և արագընթաց է:
Georgian airways կազմակերպությունը վերոնշյալ ինքնաթիռը ձեռք կբերի 2019 թվականին։