Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում առնվազն 45.000 մարդ է ձերբակալվել, աշխատանքից հեռացվել, կամ դադարեցրել են նրանց աշխատանքային պարտականությունները:
Նշվածների թվում են` զինվորականներ, ոստիկաններ, ուսուցիչներ, համալսարանների դեկաններ և լրագրողներ: Ինչպես գրում է «BBC» լրավականը, Թուրքիայի կառավարությունը գտնում է, որ այս մարդիկ նախագահ Ռեջեփ Թայյիբ Էրդողանին նվիրված չեն:
Հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է 15 հազար ուսուցիչ, 1.500 դեկան, Ներքին գործերի նախարարության շուրջ 9000, ֆինանսների նախարարության 1500 և վարչապետի գրասենյակի մինչև 250 աշխատակից:
Աշխատանքից ազատվածների թվում է 9000 ոստիկան, դատական համակարգի 3000 աշխատակից, ինչպես նաեւ 6000 զինվորական:
Կառավարությունը հայտարարում է, որ այս բոլոր մարդիկ ԱՄՆ- ում ապրող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներ են, որին Անկարան համարում է հեղաշրջման հնարավոր կազմակերպիչ: Անձամբ Գյուլենը հերքում է նշված մեղադրանքը: