Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում մեծ բեռնատարների (ֆուռ) վարորդների բողոքի ցույցը շարունակվել է ողջ գիշեր: Այդ ընթացքում տարածքում մոբիլիզացված են եղել ոստիկանական ուժեր։
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ չեն պատրաստվում լքել տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը:
Նրանց խոսքով, սա իրենց եկամտի միակ աղբյուրն է, առանց որի չեն կարող գոյատևել բազմաթիվ ընտանիքներ: Մինչ այդ, վարորդները բողոքի ակցիա են անցկացրել երկրի ֆինանսների նախարարության մոտ:
Եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընթացող ակցիայի պատճառով «Գեզի Թբիլիսի» ընկերության գործունեությունը կաթվածահար վիճակում է։
«Հատկանշական է, որ Ֆինանսների նախարարը մասնակիցներին դեռ նախարարության տարածքում անցկացված ակցիայի ժամանակ առաջարկել է բանակցություններ սկսել, սակայն առաջարկված ձևաչափը մասնակիցները նպատակահարմար չեն համարել: Այս պահի դրությամբ եկամուտների ծառայության գրանցման տնտեսական գոտին դադարեցրել է աշխատանքը, սա վերաբերում է նաև արագ փչացող ապրանքի ներմուծմանը: Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում դադարեցնել ակցիաները, հարցը լուծել կառուցողական ճանապարհով»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը պաշտոնական Թբիլիսին արգելել էր սեպտեմբերի 15-ից, սակայն օրերս հայտնի դարձավ, որ արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը:
Ավելի վաղ Ալիք մեդիան տեղեկացրել է, որ նախնական պայմանավորվածության համաձայն, վրացական երկաթուղին հայաստանյան փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։