Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին իր նախընտրական շտաբի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը օկուպանտ է և 2008 թվականի պատերազմը հենց Ռուսաստանն է սկսել:
«Իմ վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ 60 տարի շարունակ անփոփոխ է: Վրաստանի ազատագրումը և նրա անկախության պաշտպանությունը իմ կյանքի գլխավոր երազանքն է: Ռուսաստանն ագրեսոր է և օկուպանտ, սա կարող եմ անվերջ կրկնել»,-ասել է նա:
Զուրաբիշվիլիի խոսքով, 2008 թվականին Ռուսաստանը խախտել է բոլոր համաձայնագրերը, որոնցով ճանաչում էր Վրաստանի ինքնիշխանությունը:
«Ռուսաստանը տանկերով և ռազմական ինքնաթիռներով ներխուժել է Վրաստանի տարածք: Ես երբ ասում եմ, որ Վրաստանի իշխանությունները սադրանքի զոհ են դարձել, նկատի չունեմ, որ Վրաստանն է սկսել պատերազմ: Ես ասում եմ, որ այն ժամանակվա նախագահը թույլ տվեց մեծ սխալ, ինչի արդյունքը տեսնում ենք մենք»-հայտարարել է Զուրաբիշվիլին, ով իր ելույթներում օգոստոսյան պատերազմը սկսելու մեջ մեղադրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։