Միավորված ընդդիմության կողմից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ընտրողների հետ հանդիպել է Կախեթիում:
Թելավիի թատրոնում հավաքվածներին նա ներկայացրել է նախընտրական ծրագիրը: Վաշաձեն առանձնացրել է հատկապես սոցիալ-տնտեսական, այդ թվում նաև կենսաթոշակների ավելացման մասին հարցերը:
Նախագահի թեկնածուի հետ ընտրողներին դիմել են նաև միավորված ընդդիմության առաջնորդները:
«Իշխանությունում պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր հոգ կտանեն երկրի քաղաքացիների մասին, ովքեր կոնկրետ ծրագիր ունեն, թե ինչպես պետք է հավասարապես զարգացնել բոլոր ոլորտները: Հենց այդ մարդիկ են միավորվել «Ուժը միասնության մեջ է» դաշինքում: Մենք հոկտեմբերի 28-ին վրաց ժողովրդի հետ պետք է հաղթենք»,-հայտարարել է Գրիգոլ Վաշաձեի ընտրական շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեն:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՄԱՇ-ի անդամ Զաալ Ուդումաշվիլին, ով ներկա իշխանություններին մեղադրել է ստախոսության մեջ:
«6 տարի շարունակ Բիձինա Իվանիշվիլին ստել է: Ամեն ինչ ունի իր սահմանը: Հենց այդ պատճառով ընտրողները հոկտեմբերի 28-ին Բիձինա Իվանիշվիլիին կասեն ոչ»,-Ուդումաշվիլիի խոսքերն է մեջբերում Rustavi2-ը: