Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը։
Նախօրեին դեսպաններին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ողջունել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին Երևանում և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է նշված պետությունների հետ համագործակցության շարունակական զարգացումը, կապերի խորացումն ու ընդլայնումը:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստան այցի ընթացքում նրանք հնարավորություն կունենան առավել մանրամասն ծանոթանալ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին:
Վարչապետը պատասխանել է նաև դեսպանների մի շարք հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Հայաստան-Վրաստան, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, վերջինիս հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացմանն ու դրանով նախատեսված առաջնահերթություններին, տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը և այլ թեմաների:
Դեսպաններին ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ նման այցերը կլինեն պարբերական և հերթական խթանը կհանդիսանան բարեկամական երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար։
Նախարար Մնացականյանը դեսպաններին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները։
Դեսպաններն այցելել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։ Կաթողիկոսը բարձր է գնահատել այսօրինակ նախաձեռնությունը և դեսպաններին որոշ դրվագներ ներկայացրել Հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու պատմությունից։ Դեսպանները շրջայց են կատարել նաև Մայր Աթոռի գանձարանում։
Վրաստանում հավատարմագրված դեսպանները եղել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին, շրջայց կատարել թանգարանում և գրառում կատարել հուշամատյանում։
Դեսպանները շրջել են նաև Հաղպատի վանական համալիրում, Երևանի կոնյակի գործարանում, «Մեգերյան կարպետ» գորգագործական ընկերությունում։