Սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով Վրաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Տոմաս Գրեմինգերը: Հատկանշական է, որ սա գլխավոր քարտուղարի պաշտոնում իր առաջին այցն է Վրաստան: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Այցի շրջանակներում ծրագրված են ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումները Վրաստանի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի և օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կխոսվի Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված տարածքների անվտանգության խնդիրների և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին։ Կողմերը կզրուցեն նաև վրաց-ռուսական հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման գործընթացում ԵԱՀԿ-ի ներգրավվածության կարևորության, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների տեսանկյունից Վրաստանում ընթացող և իրականացված բարեփոխումների մասին: