Անցյալ շաբաթ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպումն ու այդ ֆոնին Հայաստանում եղած իրադարձությունները քննարկումների առիթ են նաև Վրաստանում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ի հանդիպմանը Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև համագործակցությունը եվրասիական տարածքում, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում:
Ռուսաստանի նախագահը, իր հերթին, նշել է, թե «հայ-ռուսական հարաբերությունները գնալով զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական ու տնտեսական: «Գազպրոմ»-ը Երևանին գազ է մատակարարում աշխարհում ամենացածր գնով»:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն ընդգծում է Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական նշանակությունը․
«Սկսենք նրանից, որ Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են: Նաև այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը կառավարություն է եկել ոչ ուղիղ՝ ընտրական կարգով և նա դեռ պետք է շահի Մոսկվայի վստահությունը: Չմոռանանք նաև, որ Հայաստանին Ռուսաստանից երկու՝ կյանքի համար կարևորագույն բան է պետք. էներգետիկան է՝ գազը և ինչպես նշեցի, ռազմավարական նշանակությունը»:
Սակայն, Վասաձեն համարում է, որ ամեն բան այդքան էլ լավ չէ։
Հատկանշական է, որ Հայաստանում հետհեղափոխական շրջանում տեղի ունեցած մի քանի խոշոր իրադարձություններին ռուսական կողմը բավական ցավոտ արձագանքեց։ Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտին հետընտրական շրջանում ընդդիմության և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվեց տասը անձ։ Հեղափոխությունից հետո այս գործի քննությունը նոր թափ ստացավ և մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով 2008-ին պաշտպանության փոխնախարարն էր և մայրաքաղաքի կայազորի պետը: Այս առիթով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։
Այնուհետև մեղադրանք առաջադրվեց նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին էլ, կարծես պաշտպանության հասավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դեմոնստրատիվ շնորհավորելով նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
Քոչարյանը, ով մշտապես ունեցել է Ռուսաստանի աջակցությունը, վերջին օրերին բավական ակտիվացել է և հայտարարել քաղաքականություն վերադարձի մասին։
Այս ամենը Վասաձեին թույլ է տալիս ենթադրել, որ իրականությունը ելույթներին այնքան էլ չի համապատասխանում։
«Փաշինյանը «փայլուն» է անվանել հայ-վրացական հարաբերությունները, նույն կերպ էր անվանել հայ-ռուսական հարաբերությունները: Մի՞թե ամենինչ այդպես փայլուն է, թե՞ Փաշինյանին դուր է գալիս այդ բառը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Հայաստանում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել ձևակերպված հավակնոտ խնդրին՝ առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Ինչը ըստ Գելա Վասաձեի՝ «որևէ բարդություն չի ներկայացնում իրենից, պարզապես վաղուց պետք էր այն ինչ մատչելի է Վրաստանում արտահանել Հայաստան և հակառակը»։
Վրաց քաղաքագետ Վաժա Բերիձեն էլ կարծում է, թե Փաշինյանի կառավարության գալը փոխում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը:
«Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ փոխում է Հայաստանի նախկին կառավարությունների վարած, ավանդական արտաքին քաղաքականությունը: Այն, թե ինչ դեր ուներ Ռուսաստանը Հայաստանի համար նախկինում, դա փոխվել է, թեև բոլորն էլ պարզ հասկանում են Ռուսաստանի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Ըստ Բերիձեի՝ ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունները Հայաստանին «օգուտ» չեն բերում և հենց դա հասկանալով էլ նոր կառավարությունը փոխում է արտաքին քաղաքականության ուղղությունը՝ դեպի արևմուտք, դեպի Եվրոպա:
«Բնականաբար, Վրաստանը իր մեծ դերը կունենա Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացման գործում, մենք ոչ միայն տնտեսական աճ կունենանք այլ նաև միասնական արտաքին քաղաքականություն», — ասում է քաղաքագետը:
Վրաց քաղաքագետը հույս է հայտնում, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ևս Վրաստանը կարող է կարևոր դեր ունենալ՝ հաշվի առնելով, թեկուզ աշխարհագրական դիրքը:
«Մեզ համար ամենակարևորն է Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելը», — նշում է Բերիձեն:
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ռուսաստանի՝ Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր իրականացնելուն, քաղաքագետ Գելա Վասաձեի կարծիքով դա Վրաստանի վրա ազդեցություն չի ունենա և, բնականաբար, չի արժանանա բացասական արձագանքի: