Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունելության պաշտոնական արարողությունից հետո առանձնազրույց ունեցան, այնուհետև հանդիպում ընդլայնված կազմով։ Ավելի ուշ լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարություններով՝ գոհունակություն հայտնելով հանդիպման հնարավորության համար։
«Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար, այսօր շատ կարևոր խոսակցություն ունեցանք և մեր բանակցությունների ընթացքում մեր հարաբերությունների հետագա զարգացման բավականին ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք։ Իհարկե, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են, և մենք խնդիր ունենք տնտեսական կոմպոնենտը համապատասխանեցնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին և այն էմոցիոնալ մակարդակին, որը գոյություն ունի մեր ժողովուրդների միջև», — ասաց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում։
Հայաստանի վարչապետը տեղեկացրեց, որ քննարկել են հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային, տնտեսական և քաղաքական փոխգործակցության հարցեր։
«Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը։ Կոնկրետ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի մակարդակի։ Սրա շուրջ կարող ենք ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և հստակ պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը», — տեղեկացրեց Փաշինյանը։
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների 2017 թ-ին Հայաստանի ու Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 250 մլն դոլար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, և կդրվի կոնկրետ խնդիր՝ձևավորել ճանապարհային քարտեզ՝ առևտրատնտեսական, քաղաքական և հումանիտար, կրթական և մշակութային հարաբերությունները զարգացնելու համար։
«Կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի բարեկամական և ջերմ է դառնում, և մեր կառավարությունների անդամների միջև հաստատվում են ընկերական կապեր, ինչը պակաս կարևոր չէ երկրների հարաբարություններում և այս տեմպը պետք է շարունակել ու վստահ քայլերով գնալ առաջ», — եզրափակեց Փաշինյանը։
Մամուկա Բախտաձեն իր խոսքը մեկնարկեց՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։
«Մեր երկրները աչքի են ընկնում իրենց հյուրասիրությամբ, որի ապացույցն է նաև այս օրը: Այս տարի Վրաստանը և Հայաստանը նշում են անկախության 100-ամյակը: 100 տարի առաջ վրացիներն ու հայերը, չնայած շատ դժվարություններին և մարտահրավերներին, պայքարել ու կարողացել են բռնել զարգացման ժողովրդավարական ճանապարհը: Ընդամենը մի քանի օր անց, սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է իր անկախության օրը և այդ օրվա հետ կապված ցանկանում եմ փոխանցել իմ շնորհավորանքները: Անկախության վերականգնումից հետո, միասնական ուժերով հնարավոր դարձավ մեր երկրների միջև վստահության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության զարգացումը», — ասաց Բախտաձեն՝ խորհրդանշական համարելով, որ երկու երկրների նորընտիր կառավարություններին տրվում է երկկողմ օրակարգում կարևոր հարցերին գնահատական տալու և ամփոփելու հնարավորություն:
Բախտաձեն համոզմունք է հայտնել, որ հայ-վրացական հարաբերությունները էլ ավելի կխորանան տարբեր ուղղություններով և ակտիվ փոխայցելությունները դրանց երաշխիքն են:
«Այսօրվա հանդիպմանը ես և իմ գործընկերը քննարկել ենք համագործակցության հիմնական ուղղությունները, ընդգծել ենք մեր ձգտումները դեպի ինտենսիվ քաղաքական երկխոսություն, անդրադարձել ենք այնպիսի ուղղություններին ինչպիսին են առևտրատնտեսական հարցերը, տրանսպորտ, էներգետիկա, զբոսաշրջություն, մշակույթ, կրթություն: Համաձայնել ենք, որ դեռ ունենք համագործակցման չօգտագործած պոտենցյալ բազում ուղղվածություններով: Մենք աշնանը կհյուրընկալենք միջկառավարական հանձնաժողովը, որը կքննարկի շատ կարևոր գաղափարներ և ծրագրեր։ Միևնույն ժամանակ, խոսել ենք Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի և կարևոր ձեռքբերումների վերաբերյալ: Ողջունում ենք Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ակտիվացումը», — ասաց Բախտաձեն՝ ելույթը եզրափակելով ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց հետագա օգտաբեր համագործակցության համար:
Ավելի ուշ պլանավորված է Բախտաձեի հանդիպումը Հայաստանի նախագահի, խորհրդարանի ղեկավարի հետ։ Նախատեսվում է նաև այցելություն Ծիծեռնակաբերդ։