Հայաստանը, ինչպես անցյալ տարի, այս տարի ևս չի մասնակցում Վրաստանում այս օրերին անցկացվող ՆԱՏՕ-ի` «Agile Spirit-2018» զորավարժություններին: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկություններ հայտնել չի կարող:
Զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի մեկին, կտևեն մինչև 11-ը։
Հատկանշական է, որ Հայաստանն այս զորավարժություններին մասնակցելուց վերջին պահին հրաժարվեց նաև անցյալ տարի։ Մինչդեռ օգոստոսի 1-15-ը նախատեսված Noble Partner-2018 բազմազգ զորավարժություններին Հայաստանը մասնկացեց 4-հոգանոց սպայական կազմով: Արծրուն Հովհաննիսյանն այն ժամանակ ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել էր, թե այդ զորավարժությունները չեն կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով»: Այդ զորավարժությանը Հայաստանը մասնակցել էր նաև նախորդ տարի։
Ստացվում է, որ ՆԱՏՕ բառն է խրտնեցնո՞ւմ Հայաստանին։
Երբ Հայաստանն անցյալ տարի հրաժարվեց մասնակցել այս զորավարժություններին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում փորձագետներն այդ քայլը գնահատեցին Ռուսաստանի ճնշմամբ կայացրած որոշում։
Իսկ ռուսական ԶԼՄ-ները գրում էին, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և Հարավային Կովկասում ՌԴ-ի գլխավոր գործընկերը, ապա չպետք է մասնակցի Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժություններին։
«Արսենալի» ռազմական, վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին, որն անցյալ տարի Հայաստանի չմասնակցելը մեկնաբանել էր, թե «Մոսկվային հավանաբար դուր չեկավ, երբ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի Noble Partner- 2017 թբիլիսյան զորավարժություններին», այժմ մեծ խնդիր չի տեսնում զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու մեջ։
«Կարևորն այն է, որ այս տարի Հայաստանը մասնակցել է Noble Partner 2018-ին. դա արդեն իսկ առաջընթաց է: Էական նշանակություն չունի, թե քանի մասնակից է ունեցել Հայաստանը, կարևորը մասնակցությունն է այս բազմազգ զորավարժություններին: Ինչ վերաբերում է Agile Spirit 2018-ին, որը մեկնարկել է արևմտյան Վրաստանում, Հայաստանը չի մասնակցում: Անցած տարի էլ Հայաստանը վերջին պահին հրաժարվեց մասնակցել զորավարժություններին, չնայած այս տարվա մասնակցություն չունենալը խնդիր չէ: Հայաստանը մեկ անգամ արդեն մասնակցել է Վրաստանում անցկացվող զորավարժություններին, ինչը արդեն իսկ մեծ նշանակություն ունի: Միգուցե հայկական կողմը բավարարվում է Վրաստանում անցկացվող մեկ զորավարժության մասնակցելով», — «Ալիք մեդիային» ասում է փորձագետը։