«Միասնական ագրոնախագիծ» ծրագրի շրջանակներում Կախեթիի Կղվարելի շրջանի Շիլդա գյուղում բացվել է գինու նոր գործարան։
Գինու ազգային գործակալության տեղեկատվությամբ, «Ագրիդա» գինու գործարանի բացմանը տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է նաև գործակալության նախագահի պաշտոնակատար Անդրո Ասլանիշվիլին:
«Գինու արտահանման ծավալների ավելացումը հիմք է Վրաստանում նոր գինեգործական ձեռնարկությունների հիմնադրման: Ներկայում Վրաստանում գործում է մինչև 500 գինեգործական ընկերություն, որից 250-ի արտադրած գինին արտահանվում է»,-ասել է Ասլանիշվիլին:
Ըստ «Ագրիդա» -ի տնօրեն Գուրամ Մինդիաշվիլիի, արտադրությունը տեղի կունենա ընթացիկ տարվա խաղողի բերքահավաքին զուգընթաց: Խաղողը կստանան խաղողի սեփական այգիներից, ինչպես նաև բնակչությունից մթերած բերքից: «Ագրիդա»-ն ունի 23 հա խաղողի այգի: Արտադրանքը կկազմի տարեկան 1,5 մլն շիշ: Գինին կվաճառվի ինչպես տեղական շուկայում, այնպես էլ կարտահանվի: Գործարանում կաշխատի մինչև 50 մարդ։