Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հուսով է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կաջակցի իրեն:
Զուրաբիշվիլին աբսուրդ է համարել այն խոսակցությունները, թե ցանկություն չունի, որ իշխող ուժը աջակցի իրեն հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:
«Փաստ է, որ չեմ կարող հույս դնել այլ կուսակցությունների վրա։ Բնակչության մեծ մասն աջակցում է մեկ կուսակցության: Բնական է, որ ես հույս ունեմ, որ «Վրացական երազանքը» որոշ չափով կաջակցի ինձ նախագահական ընտրություններում»,-Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում interpressnews-ը:
Նկատենք, որ իշխող ուժը օրեր առաջ հայտարարեց, որ հոկտեմբերի 28-ին սպասվող նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրի, սակայն չբացառեց որևէ թեկնածուին աջակցելու հավանականությունը։ Վրաստանյան մամուլի հրապարակումների համաձայն, «Վրացական երազանք»-ը կպաշտպանի հենց անկախ պատգամավոր, նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը։