«Երբ նստավայրը մեծ է, հեշտ է պատրանք ստեղծել, որ նախագահի իրավասությունները ևս ընդարձակ են»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Ըստ նրա, նախագահական նստավայրը պետք է լինի նախագահի լիազորություններին համապատասխան:
«Ցանկացած կառույց, որը զբաղեցնում է կոնկրետ հաստատություն, նմանվում է խորհրդանիշի, որն իր հետ շատ բան է առաջ բերում: Ես խոսում եմ նախագահի ինստիտուտի շուրջ ստեղծված պատրանքների մասին, որոնցից մեկը հենց նախագահական նստավայրն է: Այսինքն, երբ այն մեծ է, հեշտ է պատրանք ստեղծել, որ նախագահի իրավասությունները ևս ընդարձակ են: Կարևոր է, որ ընդհանրապես խորհրդանիշները համակարգված լինեն»,-ասել է Իրակլի Կոբախիձեն:
Ի դեպ, նշենք, որ նախագահական ընտրությունների շեմին ակտիվորեն քննարկվում է, թե արդյոք հաջորդ նախագահը ևս կաշխատի Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին կառուցված նստավայրում, թե՝ ոչ։ Նախագահի թեկնածու, անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլիին, ում հավանաբար, կաջակցի իշխող «Վրացական երազանք»-ը, հայտարարել է, որ չի աշխատի Հավլաբարի նստավայրում։