Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո այսօր տեղի ունեցավ նաև խաղողի օրհնության կարգ։ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի վարչական կենտրոն համարվող Ախալցիխեում սա միակ հայկական եկեղեցին է, այստեղ բնակվող հայերի հոգևոր կենտրոնն ու յուրօրինակ հավաքատեղին։
Առավոտյան բակում տոնական իրարանցում է։ Հավատացյալները հերթով հավաքվում են եկեղեցու բակում, ողջունում են միմյանց, մտնում եկեղեցի՝ իրենց հետ բերված խաղողը դասավորում խորանի առջև ու սպասում պատարագին։ Պատարագիչը Ախալցիխե քաղաքի հայության հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանն է։
Պատարագից հետո Հայր Սուրբն օրհնում է խաղողն ու այն բաժանվում է հավատացյալներին։
33-ամյա Էլեոնորա Գասպարյանի ընտանիքը խաղողօրհնեքին հատուկ վերաբերմունքով է պատրաստվում։ Խաղողը գնում է նախապես, լվանում, դնում սկուտեղի մեջ։
«Իմ ու երեխաներիս ամենասիրելի տոներից է։ Մինչև խաղողօրհնեքը չենք օգտվում խաղողից, իսկ ահա այսօրվանից հետո, եկեղեցուց վերցված խաղողը տանում ու բաժանում ենք նաև մեր հարազատներին»,-ասում է Գասպարյանը։
Հայ Առաքելական եկեղեցին օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը) տոնում է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Փրկչի համբարձումից 12 տարի անց և Սբ. Մարիամի վերափոխումից երեսուն օր առաջ Գաբրիել հրեշտակապետը Կույսին տվեց երկրից երկինք փոխման ավետիսը։
«Ուրախ եղիր, բերկրյալդ, քանզի միածին որդիդ կանչում է քեզ Իր մոտ: Ասում է, թե օտարության մեջ քո պանդխտության ժամանակը լրացավ, արդեն եկ քո հայրենի սեփական ժառանգությունը…»: Այս ամենն ասելուց հետո հրեշտակը նրան տվեց հաղթության պսակն ու երկինք բարձրացավ:
Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ապա Ս. Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:
Ննջելուց հետո երանելի սուրբ առաքյալները Աստվածամոր մարմինը տանում են Գեթսեմանի: Բարդուղիմեոս առաքյալը, որ ներկա չի եղել հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջման մասին, ստիպել է առաքյալներին բացել գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։ Սակայն մարմինը գերեզմանում չեն գտել, քանի որ Հիսուսն իր խոստմանը համաձայն հարություն է տվել մորը և տարել իր մոտ։
Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:
Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը համեմատեց իր հետ՝ իրեն Խաղողի որթ անվանելով. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՜ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից: Ահա այս ամենով պայմանավորված օրհնվում է խաղողը և բաժանվում ժողովրդին։ Խաղողի օրհնությամբ միայն ժողովուրդն սկսում է խաղող ճաշակել։