Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքների ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոններում նշանակել է իշխող «Վրացական երազանքի», ԿԸՀ-ի աշխատակիցների ընտանիքների անդամներին և ՊԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր բլոկի անդամ Գիորգի Վաշաձեն:
Նրա խոսքով, սա ցույց է տալիս, որ ԿԸՀ-ն պատրաստվում է ընտրությունները ամբողջովին կեղծել: Նա ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիային կոչ է արել նշված դեպքերի վերաբերյալ բացատրություններով հանդես գալ:
«ԿԸՀ-ին կոչ եմ անում հրաժարվել ընտրությունները կեղծելու մտադրությունից: Վրաստանի քաղաքացիները իրենք կորոշեն, թե ով կհաղթի: Դիմում եմ ԿԸՀ-ի նախագահին, որպեսզի նա բացատրություն տա, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել, երբ ընտրատարածքներում ընտրել են 70 անդամներին»,- interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Գիորգի Վաշաձեն: