«Բաց երկնքի տակ վախենում ենք քայլել, տասը տարի է անցել, բայց վախը չի նահանջել, դեռ վախենում ենք, որ կրկին կարող ենք ռմբակոծությունների թիրախ դառնալ․․․» ռուս-վրացական սահմանին մոտ գտնվող Գորիում ապրողների շուրթերից հնչած խոսքերը մտքումս անընդհատ պտտելով, զոհվածների ընտանիքների անդամների ու հրետակոծություններից տարբեր վնասվածքներ ստացածների լուսանկարներն եմ թերթում, հետո ռմբակոծված շենքերի այսօրվա լուսանկարները.․. Այս շենքերի վրա կարծես պատերազմի հետք ընդհանրապես չի մնացել, պատերազմի հետքը հավերժ դաջվել է բնակիչների կյանքում։
Գորիից վերադառնում ենք Թբիլիսի՝ մի փոքր փոխված, մի փոքր այլ կերպ մտածելով, մահվան աչքերի մեջ նայածների աչքերին նայած ու նրանց վերապրածը մտովի վերապրած…
12 տարեկան էի, երբ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը ռուսական կողմը շրջաններից հետո ռմբակոծեց Թբիլիսին։ Ռումբերից մեկի թիրախը մեզ շատ մոտ` տատիկիս` Անահիտ Բոստանջյանի տանից քիչ հեռու գտնվող 31-րդ գործարանն էր։ Հիշում եմ քունս խաթարող հեռուստացույցի չդադարող ձայնն ու պայթած ռումբի զրնգոցը… թե ինչպես էին տատիկս մայրիկիս հետ մի պայուսակի մեջ հավաքում իրենց համար ամենաթանկ իրերը… Ու հետո օդում տարածված ու ինձ համար այդքան անսովոր ատելության հոտը․․․ Ռուսաստանին ուղղված հայհոյախառն գրառումները քաղաքի պատերին, ռուսաց լեզվի նկատմամբ բացասական արձագանքը…
«Ստալինի արձանն այստեղից հանել են, պատերազմի նկարներում կար», — անդեմ մտքերս ընդհատում է կոլեգաս, — Գորիում առաջին անգամ էի՞ր».․. գլուխս թափահարում եմ՝ «ահա»:
Ստալինի ծննդավայրն առաջին հայացքից կարծես հիմնականում դատարկ էր, ճանապարհը շփոթելու դեպքում անգամ դժվար էր նկատել մեկին, ով ճիշտ ճանապարհը ցույց կտար: Դատարկ, շատ մաքուր ու մի քիչ էլ տխուր քաղաք, երևի ճիշտ այնպես, ինչպիսին են պատերազմ տեսած բոլոր քաղաքաները:
Քաղաքում շրջելիս թերթում եմ օգոստոսյան հայտնի լուսանկարներն ու մտքումս նշում տարածքները՝ «սա այն այրվող շենքն է, այստեղ էլ մահացած տղայի դին էին լուսանկարել, որի մահվան մասին գուցե այդ պահին մայրն էլ չգիտեր, իսկ այս շենքի տակ արվել էր ֆոտոհերոսներից մեկի՝ Զոյա Մուրադովայի լուսանկարը…»։
Իջնում ենք մեքենայից, մեզ դիմավորում է Մուրադովայի 18-ամյա թոռնուհին, մի փոքր պատմում է տարածքի մասին ու կարծես շարունակում է միտքս. «Այստեղ էլ ռումբերից «կյանքի ծառ» են կառուցել, որ ամեն անգամ ռուսական կողմից շփոթված ռումբերի թիրախ դարձած 3 շենքերի բնակիչները հիշեն այդ սարսափելի օրերը»:
Նինիի աչքերում անհատակ զայրույթ է, բայց նա և հարևաններն ամեն տարի օգոստոսին այստեղ ժամանող լրագրողների հետ շատ են զրուցել, հստակ գիտեն, թե որ հատվածներն են հետաքրքիր:
Շարունակում է բացատրել. «Հրաձգարանի տարածքը գտնվում է ռմբակոծված 3 շենքի հարևանությամբ, այստեղ զորավարժություններ են անցկացնում մեր տղաները, ռուսներն այս տարածքը խառնել են բնակելի շենքերի հետ, թիրախը շփոթել են և ահա 17 անմեղ զոհ»:
Հետո Նինին պատմում է, թե այն ժամանակ 8-ամյա մանկությունն ինչպես փլուզվեց. «Այս ծառի տարածքում երեք զինվորականների դիակներ էին, այստեղ էլ…»։
Ինչքան էլ փորձում եմ ինձ Նինիի նման ուժեղ պահել, արցունքներս ընդդիմանալով՝ ամբողջ ծանրությամբ գլորվում են ցած..․ Նինին ուղեկցում է մեզ վերջին հարկում տեղակայված իրենց բնակարան, ուր ապրում է Զոյա Մուրադովան, 12 վիրահատություն տարած, 10 տարի անկողնուց չբարձրացած 60-ին մոտ կինը: Տանը բնակվում են 6 հոգով, տիկին Զոյայի մասին հոգ է տանում դուստրը:
«Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանն ու «Ապավեն- Վրաստան» ընկերության գլխավոր տնօրեն, համաշխարհային հայկական կոնգրեսի վարչության անդամ Ռաֆայել Աղաջանյանը որոշել են սառնարան նվիրել սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքին, որին, ի դեպ, պետությունն օգնություն չի հատկացնում: Մուրադովայի ընտանիքի համար սա կարևոր աջակցություն է։
Նմանատիպ այցելություններ վրացահայերը հաճախակի են կազմակերպում։ Ասում են՝ սա միայն վրացիների ցավը չէ, պատերազմների բովով անցած հայերը քաջ գիտակցում ու կիսում են ցավը, հնարավորության դեպքում նաև աջակցում։
Վախենալով նեղացնել՝ զգուշորեն հարցնում եմ Մուրադովային. «հիմա դարձյալ զգո՞ւմ եք պատերազմի վախը», առանց մտածելու ասում է․ «իհարկե, եթե նման բան կրկնվի, այլևս փրկվել չենք կարողանա», հետո դուստրն ավելացում է «գիտի, որ չեմ լքի իրեն այստեղ, կմնամ կողքին, այդ պատճառով է այսպես ասում»:
Հեռուստացույց չեն դիտում պատերազմի տարելիցի օրերին, Մուրադովան չգիտի անգամ իր լուսանկարի՝ ԶԼՄ-ներում տարածվելու մասին, կիսվում է միայն իր ապրումներով այդ պահին. «օգնություն էի խնդրում, ոչ-ոք չկար, մի լրագրող վերջում օգնեց»:
Ողբերգական օրերի պատմությունները գրեթե նույնն են, ցավն ու կորուստները՝ անդառնալի։
«Առաջին ռումբն ընկավ, չէինք կարծում, որ կկրկնվի, բայց կրկնվեց… տեսարանը սարսափազդու էր, շուրջս դիակներ, որոնց միջից ճանաչեցի հարևանիս որդուն, ինքը՝ հարևանս նկուղում էր, կանչեցի, ստեցի. «տղադ մահվան շեմին է», — պատմում է հարակից շենքի բնակիչ տիկին Լալին՝ փորձելով հիշել «նկուղ» բառը վրացերեն ու ավելացնում է. «ռուսերեն գիտեմ ինչպես է այդ բառը, բայց չեմ ասի, որ այդ լեզվով չխոսեմ: Նրանց վրա շատ բարկացած եմ, մանավանդ պատերազմի տարելիցի օրերին, երբ սպառնում են մեզ իրենց հայտարարություններով, պարզապես աշխատում եմ հեռուստացույց չդիտել: Իսկ ռուսների կողմից բռնազավթված տարածքների մասին ի՞նչ պիտի մտածեմ, ո՞վ է մեզ դրանք վերադարձնելու, կարծում եմ ոչ-ոք»:
Տիկին Լալիներն ու Զոյա Մուրադովաները Գորիում շատ են։ Oգոստոսյան հինգ օրն այս մարդկանց կյանքը բաժանեց երկու մասի՝ մինչև պատերազմն ու պատերազմից հետոյի։ Պատերազմ, որն ամեն օր լռելյայն իր մասին հիշեցնել է տալիս, բայց չի հիասթափեցնում հայրենի հողից ու այստեղից հեռանալու մասին անգամ չեն էլ մտածում։ Բայց ամեն անգամ՝ հարևանությամբ տեղակայված հրաձգարանից կրակոցներ լսելիս՝ շենքերի բնակիչները լարվում են, արագ վազում դեպի պատուհանները՝ գուշակելով պատերազմ է, թե՞ զորավարժություն։
2008 թ․—ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով:
Ըստ պաշտոնական տվյալների՝ այս հինգ իրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ու համալրել փախստականների և բռնի տեղահանվածների թիվը:
Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են: