Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը մտադիր են ստեղծել տրանսպորտային միջանցք, որը կկապի Սև ծովը Պարսից ծոցին: Այս մասին գրում է Interpressnew-ը` հղում անելով հայկական news.am-ին: Նախագծի շրջանակում նշված երկրների ներկայացուցիչները հուլիսի 14-15-ին հանդիպելու են Սոֆիայում` քննարկելու մանրամասները: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ասել է. «Նախագիծը շրջանառության մեջ է դրվել, կան այլ գերատեսչությունների կարծիքները, պիտի դրանք քննարկենք մասնակից պետությունների հետ, բոլոր կողմերը կներկայացնեն իրենց առաջարկությունները»:
Ֆինանսավորման հարցերը դեռևս չեն քննարկվել: Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կողմ կլինի այդ նախագծի իրականացմանը, հաշվի առնելով, որ այս նախագիծը շրջանցում է Ռուսաստանը, իսկ Մոսկվան առաջ է մղում Իրան-Ադրբեջան-Ռուսաստան տրանսպորտային միջանցքը, Դավիթ Մելքոնյանը պատասխանել է. «Մենք Ռուսաստանի հետ լավ գործընկերներ ենք, այդ թվում ԵՏՄ-ի շրջանակում: «Մետաքսի ճանապարհի» շրջանակում ունենք համատեղ նախագծեր, որոնք պիտի ներառել ԵՏՄ-ի եւ Չինաստանի ֆինանսավորմամբ իրագործման ծրագրերում, որոնց մեջ են մեր երկու նախագծերը: Դրանք են «Հյուսիս-Հարավ» միջանցքի չիրականացված տրանշները, որոնք ֆինանսավորում են պահանջում, եւ Հարավային երկաթուղու Հայաստանի մասը, որը պետք է կառուցվի: Ռուսաստանը, որպես գործընկեր եւ ԵՏՄ անդամ երկիր իր հավանությունը տվել է, որ մեր երկու ծրագրերը ներառվեն առաջնային ծրագրերի շրջանակներում»: