Հզոր Վրաստանը տարածաշրջանում կայունության երաշխիք է և բոլորի համար պետք է կարևոր լինի հարևանությամբ ունենալ զարգացած պետական հաստատություններով երկիր։ Այս մասին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարությանը:
«Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ընտրությունը երկրի ինքնիշխան որոշումն է: Սա հիմնական գերակայությունն է, որը ներկայացված է նաև Վրաստանի նոր կառավարության գլխավոր և հիմնական առաջնահերթություններում: Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրումն ամրապնդում է երկրի շարունակական բարեփոխումները պաշտպանական, տնտեսական, քաղաքական և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ», — ասել է Զալկալիանին՝ մի քանի անգամ նշելով այն փաստը, որ հզոր Վրաստանը կայունության երաշխիք է տարածաշրջանում: