Ախալքալաքի շրջանի հայաբնակ Վաչիան գյուղում հուլիսի 10-ի գիշերը դաժան սպանության զոհ դարձած Քաչոտյան ընտանիքի եւ նրանց սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի տները իրարից ընդամենը 100 մետր հեռավորության վրա են գտնվում:
«Հարևաններից» 100 մետր հեռավորության վրա է գտնվում նաև գյուղի գերեզմանատունը, որտեղ հուլիսի 13-ին, տեղի ունեցավ Քաչոտյանների հուղարկավորությունը: 37-ամյա Օֆելիային, իր 16 եւ 18 տարեկան աղջիկներ` Ասիային եւ Արմինեին, նրանց` ընդամենը 5 տարեկան եղբայր Սերգեյին հրաժեշտ տալու էին եկել Ռուսաստանից նախօրեին տուն հասած հայրը` Վաղինակը, հարազատներ, համագյուղացիներ, հարեւան շրջանների բնակիչներ ու պարզապես մտահոգ մարդիկ: Թաղման արարողությանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը:
Գյուղի բնակիչների հետ ունեցած մեր զրույցներից պարզեցինք, որ դաժան սպանության մեջ մեղադրվող Նոդարի հայրը Տաբածկղուրիից է եղել: Նա Վաչիանում չի ծնվել, սակայն փոքր տարիքից ապրել է գյուղում: Ամուսնացել է համագյուղացու հետ և ապրել հարեւանությամբ գտնվող` Քաչոտյաններին պատկանող տանը: Մարդասպանության մեջ մեղադրվող Ակոպովի կինը հղի է եւ հանցագործությունից հետո վրեժխնդրությունից խուսափելու նպատակով Ոստիկանությունը ընտանիքը տեղափոխել է Բակուրիանի:
Գյուղացիներից ոմանք գտնում են, որ տղան (նկատի ունի Նոդար Ակոպովին) սպանության նպատակով չի մտել տուն, նա պարզապես փողի կարիք է ունեցել: «Խաղացել՝ պարտվել է երևի, կամ բանկում է պարտք ունեցել»,- ասում են որոշները: Ենթադրություններ կան, թե մարդասպանը դիմակով ներխուժել է տուն եւ փող պահանջել, երբ Օֆելիան փողը տվել է, դուրս գալու պահին ձայնից ճանաչել է հարևանին, տվել է նրա անունը հարցրել է «դու ե՞ս», տղան այդ պահին խուճապից հարվածել է, ձայնի վրա են եկել նաև երեխաները…
Հաջորդ օրը առավոտյան, երբ Օֆելիայի ծնողները հայտնաբերել են դիակներն ու օգնություն կանչել, այդ տղան նույնպես այնտեղ է եղել, իբր ոչինչից տեղյակ չէ: Հետո, երբ Ոստիկանությունը գյուղի երկու տասնյակ երիտասարդների հետ Նոդար Ակոպովին տարել է քննելու որպես կասկածյալի, վերջինս` ինքնախոստովանականով է հանդես եկել: Նույն օրը, Վրաստանի ՆԳՆ-ն փոքրիկ տեսանյութ հրապարակեց, որտեղ Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ Ակոպովը (տեսանյութում դեմքը փակված է), հանցագործության վայրում` Քաչոտյանների տանը անվտանգության աշխատակիցներին ներկայացնում է եղելությունը:
Հարևաններից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ հանցագոծության մասին նա և մի շարք այլ գյուղացիներ իմացել են միայն հաջորդ օրը: «Երեխաները ասացին, թե Վաղո հոպարի տանը հրդեհ է բռնկվել: Այդպես էր տարածվել, իրականում կրակ չկար: Դեպքը գիշերն է պատահել, իսկ առավոտյան առաջինը նրանց մահացած կնոջ ծնողներն են տեսել»,- մեզ հետ զրույցում պատմում են համագյուղացիները: Գյուղի բնակիչների հետ զրուցելիս տարբեր վարկածներ էինք լսում. թե հանցագործությանը մասնակցել են մի քանի հոգի: Ներկայում, սակայն, ձերբակալված է միայն մեկ հոգի` Նոդար Ակոպովը:
Ակոպովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հուլիսի 13-ին: Մեղադրող կողմը պահանջում է քրեական գործըքննել` կանխամտածված սպանության մեղադրանքով: Նշվում է նաեւ, թե չի բացառվում սպանությունների մեջ մի քանի անձանց հնարավոր ներգրավվածությունը, սակայն այս պահին դեռեւս, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը զերծ է մնում մեկնաբանություններից:
Տեսանյութը` Վրաստանի ՆԳՆ-ի