Մինդելի ածխահանքի ողբերգությունից հետո այն փակելու մասին վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել Տղիբուլիում, բուռն քննարկումների առիթ դարձել նաև իրավապաշտպանների շրջանում։
Ալիք մեդիան ամբողջացրել է Վրաստանի արևմուտքում (Իմերեթիի շրջան) գտնվող «հանքով ապրող, սակայն հանքից հաճախ դուրս բերվող դիակների ականատես» Տղիբուլի քաղաքի հանքի շուրջ կարծիքները։
2018թ. հուլիսի 16՝ 4 մահացած, 6 վիրավոր
2018թ. հունիսի 2՝ 2 մահացած
2018թ. ապրիլի 5՝ 6 մահացած, 3 վիրավոր
2017թ. հոկտեմբերի 27՝ 1 մահացած
2017թ. մայիսի 9` 4 մահացած…
«Մի ողջ քաղաք է ապրում այս հանքով, որի փակումը կաթվածահար կանի քաղաքի կյանքը։ Մենք ընտանիք ու երեխաներ ունենք, ֆինանսական պարտավորություններ, ինչի պատճառով չի կարելի հանքը փակել»,-հայտարարում են հանքի ածխահատները, որ պատրաստ են կրկին կիլոմետրեր անցնել գետնի տակով, բայց եկամտի միակ աղբյուրը չկորցնել։
Մարդու իրավունքների ուսուցման և մոնիթորինգի կենտրոն ոչ կառավարական կազմակերպությունը, որ աշխատում է Մինդելի հանքի աշխատակիցների իրավունքների պաշտպանության հարցի ուղղությամբ, տարիներ շարունակ հաջողություն չի կարողանում արձանագրել։
«Տղիբուլիի հանքահորը տարիներ շարունակ համարվում է այն վայրը, որտեղ չկա իրավունքների պաշտպանության մասին ոչ մի երաշխիք: Մարդու իրավունքները կոպտորեն խախտում է թե կազմակերպությունը, թե երկրի կառավարությունը»,-Ալիք մեդիայի հետ զրույցում ասում է կենտրոնի ծրագրերի տնօրեն Լինա Ղվինիաշվիլին։
2016 թվականից հանքահորի բանվորները պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում՝ երկրի իշխանությունների ուշադրությունը փորձում հրավիրել իրենց խնդիրների վրա։ Նրանց պահանջն է հանքավայրում աշխատելու համար անվտանգության պայմաններ ապահովել, բարձրացնել միջին աշխատավարձը, քաղաքը ճանաչել լեռնային գոտի, որպեսզի օգտվեն նախատեսված առավելություններից։
Երկրի իշխանությունները մշտապես խոստումներ են տվել, սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել։
Այսօր իրավապաշտպանները ողջունում են հանքավայրը մինչև հարուցված քրեական գործի և միջազգային փորձաքննության ավարտը ժամանակավորապես փակելու մասին նոր կառավարության որոշումը։
«Որոշում ենք կայացրել ածխահանքը փակելու մասին։ Մարդկային կյանքից թանկ ոչինչ չկա։ Այս հանքը չի գործի մինչև հարուցված քրեական գործի և հանքի իրավիճակի հետ կապված միջազգային տեխնիկական փորձաքննության ավարտը: Դրա հետ մեկտեղ, մենք անպայման կպարզենք, թե արդյոք կատարվել են հաքափորերի հարցում մեր առաջ քաշած հանձնարարականները»,-հայտարարել է նորանշանակ վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Նա ի դեպ թեև խոստացել է, որ այդ ժամանակահատվածում հանքագործներն աշխատավարձ կստանան, այդուհանդերձ Տղիբուլիում բողոքի ակցիաները շարունակվում են։
Մարդու իրավունքների ուսուցման և մոնիթորինգի կենտրոնի ներկայացուցիչն ասում է, որ կառավարության հետ համաձայնություն են ձեռք բերել աշխատակիցների համար սեղմ ժամկետներում սոցիալական փաթեթներ ձևակերպելու և փոխհատուցում տալու նպատակով։
Տղիբուլիի հանքահորում միայն այս տարի 12 մարդ է զոհվել։ Վերջին վթարը հուլիսի 16-ի վաղ առավոտյան է տեղի ունեցել՝ խլելով 4 ածխահատի կյանք, 6-ը վիրավորվել է:
Տղիբուլիի մասին վրացական լրատվամիջոցներն ամեն անգամ անդրադառնում են «քաղաք, որը համակերպվել է մահվան հետ», «քաղաք, որտեղ ապրում է մահը» վերնագրերով։
Ու թեև այս քաղաքի տղամարդիկ իրենց կյանքի մի մասն անցկացնում են գետնի տակ, կարծում են, որ Տղիբուլին կառավարության ուշադրությունից հետո կարող է կրկին դառնալ քարածխի արդյունահանման կենտրոն, այնպես, ինչպես խորհրդային տարիներին էր։