Երևանյան ևս մի ծիրանաբույր շաբաթ էլ ավարտվեց։ Հուլիսի 14-ի երեկոյան «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները, որի ժամանակ կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ վրաց կինոռեժիսոր Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմը, իսկ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ժապավենը վավերագրական մրցույթում «Հատուկ հիշատակում» համարվեց:
2004 թվականին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից հիմնադրված կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է:
Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն էին օսկարակիր Դարեն Արանովսկին և «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին։
Փակման արարողության ժամանակ «Ոսկե ծիրան» պատվո մրցանակը տրվեց հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին: Հայկական համայնապատկեր մրցույթում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի «Մայրամուտի բեռնատարը» կինոնկարին:
«Եվա» կինոժապավենում իր դերակատարման համար Լավագույն դերասան ճանաչվեց Շանթ Հովհաննիսյանը:
Լավագույն դեբյուտի համար մրցանակի արժանացավ Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը:
Լավագույն կինոնկար համարվեց և «Անահիտ» մրցանակի արժանացավ կինոռեժիսոր Անահիտ Աբադը «Եվա» ֆիլմով:
Արծաթե ծիրանը տրվեց Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» կինոնկարին:
«Ոսկե ծիրան» պատվավոր մրցանակը հանձնվեց Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմին:
Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում արծաթե ծիրանը տրվեց Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» կինոժապավենին:
«Ոսկե ծիրանի» արժանացավ Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմը:
«Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը համաշխարհային կինոյում նշանակալից վաստակի համար տրվող «Փարաջանովյան թալերներ» հանձնեց հանրաճանաչ ռեժիսորներ Ջանֆրանկո Ռոզիին ու Ասղար Ֆարհադիին: