Երկու ճանապարհների արանքում․ Վրաստան-Հայաստան երթևեկողները սպասում են բարեկարգ ու անվտանգ ճանապարհների

Երևան- Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման… Երևան-Վանաձոր-Ստեփանավան-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման… Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Վրաստանի սահման… ո՞ր ճանապարհով գնալ, ո՞րն է ավելի անվտանգ, ո՞րն է ավելի բարեկարգ: Նման հարցերն անպակաս են Վրաստանից Հայաստան կամ հակառակ ուղղությամբ մեկնողների համար:

2016 թվականի հուլիսից մեկնարկել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների նախագիծը՝ Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի 101 մլն եվրո ֆինանսավորմամբ, ինչպես նաև նախատեսվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորում:

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի փակվելուց հետո վարորդների համար այլընտրանքային ճանապարհ է ծառայում Վանաձոր-Ստեփանավան-Օձուն-Ալավերդին, ինչը մոտ 20 րոպեով երկարացնում է ճանապարհի ընթացքը: Ճանապարհի տևողությունը մեկ խնդիր է, իսկ մեկ այլ խնդիր է ճանապարհի վտանգավոր լինելը: Իհարկե, ճանապարհը բարեկարգ է, չնայած, համեմատաբար վտանգավոր է, քան Վանաձոր-Ալավերդի ուղիղ ճանապարհը, որը անցնում է Դեբեդ գետի երկայնքով:

Այսպիսի տեսք ունի Օձուն-Ալավերդի ճանապարհը՝

0207201514

Մի քանի ամիս էր արդեն, ինչ թեթև մարդատար մեքենաներին թույլատրվում էր երթևեկել Վանաձոր-Ալավերդի ճանապարհով, սակայն  հուլիսի 9-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտնեց, որ միջպետական ճանապարհի այս հատվածը կրկին՝ շուրջ 1 ամիս ժամը 08։00-20։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վրաստանի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի և Չանախչի գյուղերից մինչև Վանաձոր ուղևորափոխադրումներ կատարող երթուղու վարորդ Վալեր Մաթևոսյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում,  խոսելով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի երկարատև շինարարական աշխատանքների մասին, ասում է.

«Ինչ վերաբերում է մեր երթուղուն, ապա փոխվել է միայն ճանապարհի երկարությունը՝ 30-40 կմ-ով, իսկ Ալավերդի-Օձուն-Վանաձոր ճանապարհը նորոգված է, բավականին լավ ճանապարհ է, նաև ձմռանն ենք այդ ճանապարհով երթևեկել»։

Վարորդի կարծիքով ավելի ճիշտ կլիներ, եթե շինարարական աշխատանքների ընթացքում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհն ընդհանրապես չբացվեր և շինարարները, առանց որևէ խանգարող հանգամանքի, իրենց գործն անեին:

Արմեն Սահակյանն արդեն վեց տարի է ավտոբուս է վարում Երևանից-Թբիլիսի ճանապարհով։ Նախկինում մեկնում էին բացառապես Ալավերդու ճանապարհով՝ հաշվի առնելով, որ այն առավել անվտանգ է, առավել հարմարավետ, 30-40 կմ-ով էլ կարճ։

«Արդեն երկու տարի ա էդ ճանապարհը փակ ա, հիմա նոր-նոր սկսել են ինչ֊որ բաներ սարքել։ Մենք էլ ստիպված ամեն անգամ մեր կյանքը վտանգելով ՝Ոսկեպարով ենք գնում,-ասում է Սահակյանը,- հատկանշական է, որ ուղևորների պակաս էլ են գրանցել,- «Դե շատերը հենց Սպիտակի, Վանաձորի, Ալավերդու ժողովուրդն էին նստում, հիմա իրենք ստիպված պետք է հասնեն Երևան, էլ չեն էլ գալիս, միանգամից էն կողմից ինչ-որ կերպ հասնում են տեղ»։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կրակահերթերի թիրախում գտնվող Իջևան-Նոյեմբերյան հատվածով երթևեկելուն, ապա Սահակյանն ասում է, որ գոնե այդ ճանապարհը պետք է բարեկարգվի, քանի որ հենց այն հատվածը, որտեղ դիտարկվում է և որտեղից պարբերաբար կրակոցներ են հնչում, ամբողջությամբ քանդված է,  ու վարորդները հակառակորդի կրակներից խույս տալու նպատակով ճանապարհն արագ անցնելու փոխարեն, ստիպված դանդաղ են անցնում։

Նշենք, որ Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Վրաստանի սահման ճանապարհը թեև առավել բարեկարգ է, սակայն, Նոյեմբերյան-Ոսկեպար-Իջևան հատվածում ճանապարհն անցնում է ադրբեջանական սահմանի երկայնքով՝ թշնամու կողմից կրակոցներն էլ անպակաս են. որոշների մասին խոսվում, հրապարակվում է, որոշներն էլ, քանի որ տեղի բնակիչների համար սովորական բան է, չեն էլ բարձրաձայնվում։ Մինչդեռ, օրինակ, այս տարվա ապրիլին ադրբեջանական կողմից արձակված փամփուշտն անցել էր «Սպայկա» ընկերության բեռնատարի դիմապակու միջով, բարեբախտաբար՝ խնայելով վարորդին:

Հատկանշական է նաև, որ բեռնատարների համար նշված ճանապարհներից ոչ մեկն ապահով չէ. մեկում, ինչպես նշեցինք, կրակոցներ են, մյուսում էլ՝ ոլորաններ են և եթե մի բեռնատար է անցնում այդ հատվածով, ամբողջ ճանապարհը սահմանափակվում է:

2606201822

 

141182

280620187

 

Թողնել պատասխան