Նինոծմինդա քաղաքում հուլիսի 5-ին մեկնարկեց ավանդական ֆուտբոլային մրցաշարը՝ նվիրված շրջանում հայտնի ֆուտբոլիստներ Վլադիրմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին: Արդեն 22-րդ անգամ այս միջոցառումը համախմբում է շրջանի ֆուտբոլասերներին: Երեք օր տևող ֆուտբոլային մրցաշարը քաղաքի առօրյան վերածում է մեծ ֆուտբոլային տոնակատարության: Շրջանի ցանկացած գյուղի համար մեծ պատիվ է իր թիմը ներկայացնել Ղարսլյան եղբայրների հուշամրցաշարում: Այս տարի մրցաշարին մասնակցում էին շրջանի 8 թիմեր:
Ժդանովականի, Հեշտիայի, Խոջաբեկի, Փոքր Խանչալիի, Մեծ Խանչալիի, Օրոջալարի, Խոջաբեկի, Գանձայի և Ջիգրաշենի թիմերը իրենց ուժերը փորձեցին շրջանի ամենահեղինակավոր ֆուտբոլային կոչմանն արժանանալու համար:
Վիճակահանությունից հետո առաջին խաղը մեկնարկեց Գանձա-Փոքր Խանչալի թիմերի հանդիպումով: Խաղի հենց սկզբից գանձացիները ցուցաբերեցին ակտիվ խաղ և հաղթանակ տարան Փոքր Խանչալիի նկատմամբ:
Այս խաղից հետո տեղի ունեցավ պաշտոնական բացման արարողությունը, որտեղ ներկայացվեցին մրցանակները, ելույթ ունեցավ մրցաշարի կազմակերպիչներից Արմեն Ղարսլյանը և Նինոծմինդա քաղաքի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը:
«Արդեն 22-րդ մրցաշարն է անցկացվում մեր քաղաքում: Մարզադաշտը կրում է Վլադիրմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների անունը, քանի որ, կարելի է ասել, նրանք մեր շրջանի ֆուտբոլի հիմնադիրներն են: Մրցաշարի կազմակերպման նպատակն է ցույց տալ, որ ոչինչ չի մոռացվել, սերմանել ֆուտբոլի հանդեպ սեր մեր շրջանի երիտասարդության մեջ, որի հիման վրա նրանք կհամախմբվեն և կճանաչեն իրար»,- նշեց Արմեն Ղարսլանը:
Արարողությունից հետո մրցաշարը շարունակվեց Ժդանովական-Ջիգրաշեն թիմերի հանդիպմամբ: Այս խաղում ուժեղ էին ժդանովականցիները:
Ժդանովականի թիմի ֆուտբոլիստ Շիրազ Մարիկյանը նշեց, որ իրենց թիմը մի քանի օր առաջ առաջին հորիզոնականն է զբաղեցրել մեկ այլ մրցաշարում, և ելնելով այդ հաղթանակից՝ կարծում է, որ Ժդանովականի թիմը լավ մարզավիճակ ունի և շանսերը շատ են նախորդ տարվա նմանդուրս գալու եզրափակիչ և այս անգամ արդեն առաջին տեղը գրավելու:
Հաջորդ խաղում մրցեցին Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ և Օրոջալար գյուղի թիմերը: Այստեղ դաշտի տերերը շատ ուժեղ գտնվեցին օրոջալարցիներից:
Հեշտիա թիմից Յագոր Քոթոյանը հայտնեց, որ թիմը լավ պատրաստ է և մրցելու են Մեծ Խանչալիի հետ: Նրա խոսքով թիմը շանսեր ունի հասնելու մինչև եզրափակիչ:
Մեկնարկային խաղերի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան Գանձայի, Ժդանովականի, Խոջաբեկի և Մեծ Խանչալիի թիմերը: