Արդեն վեցերորդ օրն է վրաց-ռուսական «Վերին Լարս-Կազբեգի» հսկիչ անցակետն աշխատում է սահմանափակումներով: Վրաստանի եկամուտների ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, 400-500 բեռնատարի փոխարեն 24 ժամվա ընթացքում անցակետը կարողանում է սպասարկել մինչև 240 բեռնատար: Սահմանափակումը Ռուսաստանի Դաշնության հսկիչ անցակետի պատճառով է. ինչպես հայտնում են Ռուսաստանի մաքսային ծառայությունից, իրենք առաջնահերթությունը տալիս են զբոսաշրջիկներին և նրանց մեքենաներն են անցկացնում:
«Չնայած վրացական կողմի առաջարկությանը, որ բեռնատարների տեղաշարժը լինի շուրջօրյա և օգտագործվեն բոլոր հնարավոր ճանապարհները, միևնույն է, ռուսական կողմը օգտագործում է միայն մեկ անցումային կետ, ինչի պատճառով անցակետի երկու կողմերում էլ սահմանափակումներ և կուտակումներ կան: Այս պահին վրացական կողմում՝ դեպի Ռուսաստան ուղևորվելու են սպասում ավելի քան 600 բեռնատարներ», — ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք նաև, որ ժամեր առաջ հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, գրել են, որ գյուղատնտեսական մթերքներով լի բեռնատարների կուտակումները կապված են վրացական կողմից էլեկտրոնային հերթագրման նոր համակարգի ներդրման հետ: Ինչի մասին, սակայն, վրացական լրատվամիջոցներում չի նշվում։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Խատիա Մոիսծրափիշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում մեկ անգամ ևս կրկնեց պաշտոնական էջի հայտարարությունը՝ նշելով, որ ծանոթ է հայաստանյան մեդիայի տարածած տեղեկատվությանը.
«Մեկ անգամ ևս կնշեմ, որ վրացական կողմում ոչ մի սահմանափակում չկա, անցակետն աշխատում է սովորական ռեժիմով՝ սպասարկելով 400-500 բեռնատարի, մինչդեռ վերջին մի քանի օրվա ընթացքում ռուսական կողմը 24 ժամվա ընթացքում սպասարկում է ընդամենը 240 բեռնատար: Նշեմ նաև, որ ամենածանրաբեռնված ժամերին, եղել է, որ մենք անց ենք կացրել մինչև 700-800 մեքենա»: