Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով Խորավայի փողոցում անչափահասների սպանության արդար հետաքննության պահանջով սկսված բողոքի ակցիաները ևս մեկ անգամ հաստատում են վերջին տարիներին Վրաստանում քաղաքական մշակույթի առաջընթացի մասին: Այս մասին Կոբախիձեն ասել է՝ ի պատասխան Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպմանը հնչած հարցին։
«Բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ Վրաստանում ոչ միայն քաղաքացիական հասարակությունն է զարգացել, այլ նաև քաղաքական մշակույթ է ձևավորվել: Այս տեսանկյունից անցյալում ունեինք լուրջ խնդիրներ: Այն ժամանակ ակցիաների և հանրության բողոքի արդյունքում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա հրաժարական չէր տա: Բողոքի ակցիաների հիմնական պահանջը հետաքննության ճիշտ ընթացքն էր: Ցուցարարները կարծում էին, որ հետաքննության վրա ճնշումներ են գործադրվել: Հենց բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական տվեց գլխավոր դատախազը: Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք քաղաքական մշակույթում կարևոր առաջընթաց ենք գրանցել»,-հայտարարել է Կոբախիձեն:
Վերջում Կոբախիձեն հավելել է, որ սպանության գործով խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որտեղ ընդդիմությունը մեծամասնությունն է, ևս մեկ անգամ հաստատում է, որ իշխանությունը թաքցնելու ոչինչ չունի: Այս մասին հաղորդում է 1TV.ge-ն։