Վրաստանի պետական աուդիտի ծառայության գնահատմամբ, Վրաստանում ՃՏՊ-ների մեղավորները հաճախ անպատիժ են մնում:
Ծառայության կողմից խորհրդարանին ներկայացված հաշվետվությունում նաև նշվում է, որ ցածր է տուգանքների վճարման ցուցանիշը:
Նշվում է, որ ուսումնասիրվել է 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածը: Ծառայությունը հաշվետվությունը կազմել է՝ օգտվելով ՆԳՆ-ի տարբեր բաժանմունքների տվյալներից:
Զեկույցում արձանագրվել է, որ վարորդները հաճախ կամ շատ հաճախ խախտում են ավտոճանապարհային կանոնները, սակայն, հազվադեպ են տուգանվում:
«2016-2017 թթ․ արձանագրվել է ավելի քան 13 հազար ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), ինչի հետևանքով ավելի քան հազար մարդ է մահացել, ավելի քան 18 հազար քաղաքացի վիրավորվել է: Հիշյալ ՃՏՊ-ներից 1180-ի դեպքում գործ չի հարուցվել»,- ասված է պետական աուդիտի ծառայության կողմից խորհրդարանին ներկայացրած փաստաթղթում:
Հաշվետվությունում նաև նշվում է, որ շատ դեպքերում խախտումներն աննկատ են մնում, քանի որ տեսախցիկները հաճախ անսարք են լինում։ Ծառայությունը, սակայն նշում է, որ խնդիրը կարող է լուծվել, եթե ժամանակին տեղադրվեն արագաչափ սարքեր: