Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում են Վրաստանի Առաջին Դեմոկրատական Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումները։ Այս միջոցառումների շրջանակներում Հայաստանում Վրաստանի Դեսպանության հրավերով Երևանում է վրացի դաշնակահար Նինո Բաքրաձեն։ Հունիսի 21-ին, Երևանի Կամերային երաժշտության տանը դաշնակահարը հայաստանյան ունկնդրի համար կատարեց Հայդնի, Շոպենի, Լիստի և Գաբունիայի ստեղծագործությունները:
Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Նինո Բաքրաձեն ծնվել է Թբիլիսիում՝ երաժիշտների ընտանիքում։ Վերջերս Արիզոնայի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան։
Բաքրաձեն արդեն երրորդ անգամ է Երևանում, նախկինում այստեղ դարձել է նաև Արամ Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթի դափնեկիր։
«Շատ եմ սիրում այս քաղաքը։ Այն շատ ջերմ քաղաք է և ինձ համար մեծ պատիվ է հերթական անգամ Հայաստան գալն ու նվագելն այստեղի ունկնդրի համար», — «Ալիք մեդիային» ասում է Բաքրաձեն՝ հավելելով, որ համերգային ծրագիրն էլ հարմարեցրել է ունկնդրին ու առաջնահերթություն տվել դասական, մելոդիկ ու վրացական հնչյուններին։
Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն ասում է, որ առաջիկայում ևս սպասվում են նման մշակութային անակնկալներ։
«Քանի որ այս տարի և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը տոնում են առաջին հանրապետությունների կազմավորման 100 ամյակը, մեր նպատակն է ավելի շատ կազմակերպել նման միջոցառումներ, որոնք կմիավորեն նաև երկու երկրների երիտասարդ սերնդին։ Այսօր ես տեսա տարբեր բուհերի երիտասարդների, ինչն ինձ շատ ուրախացրեց», — ասաց դեսպանը։
Համերգին ներկա էին նաև Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, վարչապետի օգնական Արսեն Խառատյանը, մի շարք մշակութային գործիչներ։
Հայաստանում վրացիներին միավորող «Իվերիա» համայնքի նախագահ Սվետլանա Նամչևաձեն կարևորում է նման միջոցառումներն ու ասում, որ դրանք համայնքի անդամներին միավորող լավ առիթ են։
«Մեզ համար մեծ տոն է, երբ Վրաստանից գալիս են, դա կլինի համերգ, թատրոն, ֆիլմ։ Իսկ դասական երաժշտության երեկոն ինձ համար մեծ իրադարձություն է, քանի որ դասական երաժշտության մեծ երկրպագու եմ։ Պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր և միևնույն ժամանակ շատ բարդ ծրագիր էր ընտրված, գեղեցիկ երեկո ունեցանք»,-ասում է Նամչևաձեն։