Թբիլիսիում հասարակական տրանսպորտը մինչև հուլիսի վերջ կաշխատի նաև գիշերային ժամերին։ Այս մասին գիշերային տնտեսության զարգացման նախագծի ղեկավար Սերգեյ Գվարջալաձեն հայտնել է «Ինտերպրեսնյուս» լրատվականի հետ հարցազրույցի ընթացքում:
Գվարջալաձեն տեղեկացրել է, որ ժամը 00:00-ից մինչև 06:00-ն տրանսպորտ կաշխատի կոնկրետ ուղղություններով:
«Մենք մտածել ենք, որ տրանսպորտը գիշերային ժամերին կապի արևելքն արևմուտքի հետ և վերջին կանգառները լինեն մետրոյի «Վարկեթիլի» և «Ախմետելի» կայարանները: Անխոս, տուրիստական հատվածները պետք է կապենք իրար՝ օրինակ Հանրապետության հրապարակը, Ազատության հրապարակը: Հաջորդիվ պլանավորվում է կապը գետափնյա ճանապարհների միջև։ Հիմնական գաղափարն այն է, որ մետրոյի աշխատանքների ավարտից հետո քաղաքում հասանելի լինի տրանսպորտը»,- ասել է Գվարջալաձեն: