Վրաստանի խորհրդարանն արտահերթ լիագումար նիստի ընթացքում վստահություն է հայտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացրած կառավարության կազմին և «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» խորագրով ծրագրին:
Կողմ են քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 6:
Երեք շաբաթ անց արդեն վարչապետ Մամուկա Բախտաձեն կանցկացնի կառուցվածքային փոփոխություններ և կկրճատի նախարարությունների քանակը՝ 14-ից հասցնելով 11-ի:
Հաջորդ երեք շաբաթների ընթացքում կմշակվեն օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև կանցկացվեն խորհրդակցություններ՝ նախարարությունները կրճատելու ուղղությամբ: Այնուհետև վարչապետը նախարարների առավել հստակեցված կազմը դարձյալ կներկայացնի խորհրդարանին:
Այսպիսով, ներկա պահին Վրաստանի ժամանակավոր կառավարության կազմը հետևյալն է՝
Վարչապետ՝ Մամուկա Բախտաձե
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Գիորգի Չերքեզիշվիլի
Արտաքին գործերի նախարար՝ Դավիդ Զալկանիանի
Ներքին գործերի նախարար՝ Գիորգի Գախարիա
Ֆինանսների նախարար՝ Նիկոլոզ Գագուա
Կրթության և գիտության նախարար՝ Միխեիլ Ճկուասելի
Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Դավիթ Սերգեենկո
Բռնազավթված տարածքներից բռնի տեղահանվածների, փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարար՝ Սոզար Սուբարին
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար՝ Լևան Դավիթաշվիլի
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Մայա Ցքիտիշվիլի
Մշակույթի և սպորտի նախարար՝ Միխեիլ Գիորգաձե
Պաշտպանության նախարար՝ Լևան Իզորիա
Արդարադատության նախարար՝ Թեա Ծուլուկիանի
Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար՝ Կախա Կախիշվիլի
Համերաշխության և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար՝ Քեթևան Ցիխելաշվիլի
Հատկանշական է, որ տևական ժամանակ Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ պահանջելով ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, սակայն ստացվում է, որ նրանք կշարունակեն աշխատել նաև ժամանակավոր կառավարության կազմում։