Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում:
Ծագումով որտե՞ղից ես: Սա այն հարցերից է, որոնք հաճախ կարելի է լսել, երբ նույնիսկ հանդիպում են երկու անծանոթներ ու երբեմն այդ հարցի պատասխանից շատ բան է կախված լինում: Հենց այդ հարցը տալով է, որ ավելի լավ ես փորձում ճանաչել զրուցակցիդ:
Օրինակ, երբ ինձ հարցնում են որտեղից ես՝ հպարտությամբ եմ պատասխանում. Վրաստանի Հանրապետության, Ջավախք լեռնաշխարհի, Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղից: Յուրաքանչյուրս էլ հպարտությամբ ենք խոսում մեր ծննդավայրի՝ մեր փոքրիկ հայրենիքի մասին և մեր հպարտությունը շատ բնական ու հասկանալի է, չէ՞ որ ծննդավայրում եղած յուրաքանչյուր թուփ ու ծառ, քար ու ծաղիկ, փողոց ու տուն հոգեհարազատ է:
Երեկոն մի տեսակ անհանգիստ ու հուզումնալից էր ինձ համար՝ քունս չէր տանում ու կարծես առօրեականությունից ինձ դուրս էի զգում, անթիվ, անհամար մտքերիս հետ էի և հանկարծ ուղեղիս ծալքերում կամաց-կամաց նշմարվում էր հոգեվիճակիս բուն ու իրական պատճառը:
Պետք էր գրել… գրել իմ գյուղի մասին: Սիրտս լցվել էր անասելի անհամբերությամբ: Հոգեվիճակս անհասկանալի էր, մտքերս՝ տատանվող, քայլերս՝ երերացող:
Ինձ համար այսքան հոգեհարազատ թեմա բայց… ի՞նչ գրել, ինչպե՞ս գրել, ինչպե՞ս շարադրել, որ ոչ մի մանրունք բաց չմնա, որ չմնան չասված խոսքեր, նախադասություններ: Ինչպե՞ս գովերգել գյուղն իմ հարազատ, որ իր վեհության մեջ շողշողա, փայլի, որ հասարակ լինելու մեջ զգացվի նրա ողջ ճոխությունը: Մի տեսակ հպարտություն է ինձ պարուրում, երբ շուրթերիցս հնչում է Մեծ Գոնդուրա անվանումը, մի տեսակ երջանկանում եմ, երբ սկսում եմ հասկանալ, որ ժամանակների դրոշմն իր մեջ ամփոփելով՝ գյուղս գոյատևել է, ծաղկել ու կարողացել է թեև փոքր, բայց, այնուամենայնիվ, առաջընթացներ գրանցել իր պատմության սեգ կամարում:
Հոյակերտ է գյուղս՝ լեռնային գեղեցիկ ու հզոր արծվի նման թևերը բացած, գրկաբաց է գյուղս՝ այնքան, որ երբեմն պատկերացնելն անգամ անկարելի է: Հոգուս խորքում ես ինձ զինվոր եմ զգում: Զինվոր, ով ամեն կերպ, թեկուզև ամեն ինչ անտեսելով, պատրաստ է գյուղը պաշտպանել, փառաբանել:
Հետաքրքիր աշխարհագրական դիրք ունի Մեծ Գոնդուրան: Հարևանությամբ Դիլիֆն է, Մեծ Ղուլալիսը, Փոքր Գոնդուրան, Մամզարան: Ինքը կարծես փոսում լինի՝ շրջապատված մշտականաչ անտառներով, շողշում են ջրերը նրա, բավ է կանաչը ու խիտ, ինչպես ասում են.
«Գյուղի տեղը փոս,
Որքան խելացի կա հոս…»:
Գյուղամեջի ճանապարհները նեղլիկ են, որոշ ճանապարհներ էլ ձգվում են գետի ծուռումուռ ափերով:
…հիմա մի պահ մտովի տեղափոխվում եմ տարիների խորքը, հիշում եմ… Իսկ հետաքրքիր է ի՞նչ եմ հիշում: Հիշում եմ մանկությունս, որն ամեն կերպ կապված է հարազատ գյուղիս հետ: Հիշում եմ ու չեմ հասցնում կարոտել այն գարուններն ու ամառները, երբ ամեն ինչ թավ էր, կանաչ, դալար: Չեմ հասցնում կարոտել, որովհետև այսօր էլ ամեն ինչ նույնպիսին է. այնքան իրական, գեղեցիկ հաճելի, խորհրդավոր: Մի պահ կարելի է զարմանալ, թե ինչպես է հնարավոր այսքան գեղեցկություն մի տեղ զետեղվի:
Մեծ Գոնդուրա գյուղը Նինոծմինդայի շրջանի այն գյուղերից է, որտեղ մինչ օրս որոշ չափով պահպանվել են լավ ու բարի ավանդույթները: Այն ավանդույթները, որոնք փոխանցվելով սերնդեսերունդ չեն կորցրել իրենց փայլն ու շուքը:
Ցավոք սրտի չկան ժամանցի վայրեր: Բայց ի ուրախություն երիտասարդների, գյուղում կազմակերպվում են ըմբշամարտի պարապմունքներ, որի համար խորին շնորհակալություն է պետք հայտնել ընկեր Ալբերտ Շիրինյանին:
Գնահատում եմ ցանկացած պահն ու վայրկյանը, որն անցկացրել եմ ու անց եմ կացնում հարազատ գյուղում: Հենց գյուղս է եղել այն ոսկե հիմքը, որի վրա կարողացել ենք հավաքել հավերժափայլ ադամանդը: Որքան ավելի եմ խոսում գյուղիս մասին, այնքան ավելի եմ սիրում այն: Գուցե ծիծաղելի է, բայց օր օրի, ժամ առ ժամ, ավելի ու ավելի շատ եմ սիրում գյուղս: Մենք՝ անհատներս տարբեր ենք, որոշներս խելացի, որոշներս քիչ ավելի գրագետ, բայց Մեծ Գոնդուրայում ապրող յուրաքանչյուր մարդ որոշակի առումով նման է մյուսին: Հիմա կասեք, թե խելագարվել է… ինչպես է հնարավոր մարդկանց նմանություն: Հիմա ասեմ… բոլորն իրար նման են նրանով, որ անսահման շատ են սիրում գյուղը ու իրենց ամենաթանկ բանը՝ կյանքն անգամ չեն խնայի հանուն գյուղի, նրա բարելավման, նրա բարեկեցիկ ապագայի ծաղկման համար: Խոսելով գյուղի մասին, չի կարելի չհիշատակել եկեղեցին ու դպրոցը:
Երևի տատանվող են մտքերս, բայց մի բան հստակ է ու անժխտելի. յուրաքանչյուր մարդու դաստիարակության, խելացիության և այլնի հիմքը առաջին հերթին դնում է դպրոցը:
Չեմ ժխտում՝ գյուղս այնքան էլ բարվոք վիճակում չի գտնվում, բայց կան արժանիքներ, որոնք չգնահատելն անկարելի է: հենց գյուղս է տվել ու տալիս է սերունդներ, որոնցով կարելի է միմիայն հպարտանալ: Կան անուններ, որոնք անմոռաց են ու այդ անունների «հավաքատեղին» դարձյալ գյուղս է: Մեծ Գոնդուրա՝ եզակի անուն, որ եկել է դարերից ու գնում է հաղթական դեպի դարերը, նորից դեպի վառվող ապագան: Թե ցանկանում ենք փայլուն ապագա կառուցել, պիտի նայենք անցյալին ու գնահատենք ներկան: Լավ ապագայի հիմքն արդեն իսկ դրված է, քանի որ հետաքրքիր էր գյուղիս անցյալն ու արտասովոր է ներկան:
Թե ուզում ես գյուղս գովերգեմ
Ու լավն ասեմ, փառաբանեմ
Չեմ զլանա, անպայման կանեմ
Ծննդավայրս հավերժ կսիրեմ:
Ջավախքի սիրտն է Գոնդուրաս,
Թե ուզում ես այստեղ մնաս
Քեզ կընդունեն, կհյուրասիրեն
Նվերներով կճանապարհեն:
Հարազատ է գյուղս սիրելի
Նրան ոչինչ չի փոխարինի
Թե ուզում ես խոսեմ էլի,
Մեկե գովերգելս քիչ կլինի:
Ու մի բան կասեմ.
Վերջում անժխտելի
Թեկուզ աշխարհն իմն էլ լինի,
Գոնդուրայիս պես էլ չեմ գտնի: