Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում տիրող լարված իրավիճակը վրացական մամուլի առաջին էջերում է:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը այս առումով գրում է՝ «Բռնագրավված Աբխազիայում լարվածությունն ավելանում է: Բռնապետական ռեժիմի հանդեպ դժգոհություններն օրեցօր աճում են: Ցուցարարները բողոքում են Ռուսաստանի ազդեցության ուժեղացման և տեղի վարչակարգի դեմ»: «Ռուսթավի 2»-ը նշելով, որ աբխազների բողոքը գոհացնում է Վրաստանի ՊՆ-ը, մեջբերում է նախարար Թինա Խիդաշելիի հայտարարությունը. «Սուխումիում տեղի ունեցող իրադարձությունները Մոսկվայի համար կարևոր ազդանշան են»: Հեռուստաալիքը հղվելով Աբխազիայի տեղական լրատվամիջոցներին` տեղեկացնում է, որ ցույցի ժամանակ վիրավորվել է մի քանի մարդ:
Աբխազիայում ստեղծված լարված իրավիճակին է անդրադառնում «Interpressnews» պարբերականը, ընդգծելով, որ Աբխազիա ժամանած զբոսաշրջիկները հեռանում են: Թեև Աբխազիայի կառավարությունը հաղորդել է, թե տեղի ունեցող իրավիճակը զբոսաշրջիկների համար վտանգ չի ներկայացնում:
Խորհրդարանական ընտրությունների թեման նույնպես արդիական է, թեև քաղաքական կուսակցություններն ամառվա այս տապին այնքան էլ ակտիվ չեն: «Kvira.ge»-ն տեղեկացնում է, որ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին պաշտոնից հեռանալու վերաբերյալ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսակցություն չի ունեցել: Թերթի փոխանցմամբ` Խիդաշելին ասել է, որ պաշտոնում մնալու դեպքում, ընտրություններին չի կարող մասնակցել ոչ կուսակցական ցուցակով, ոչ էլ որպես մեծամասնական թեկնածու:
Վրացական մամուլը անդրադառնում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի` Վրաստան պաշտոնական այցին: Քերրին վերջին անգամ Վրաստանում է եղել 2008 թվականին` սենատորի կարգավիճակում: Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է՝ պետք է ամեն ինչ անել վրաց-ամերիկյան հարաբերությունները խորացնելու համար: Կալաձեն կարևորել է երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Այն նախատեսում է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն էլ ավելի զարգֆացնել` խորացնելով տարբեր ոլորտներում համագործակցությունը:
«Սա անվտանգություն է, պաշտպանություն, տնտեսություն, միջազգային հարաբերություններ: Կարևոր է նաև, որ Ջոն Քերիի այցը տեղի է ունենում մինչ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը: Սա աջակցության դրսևորում է, ապացույց, որ մեր երկրների միջև առկա են ուժեղ հարաբերություններ: Մենք` որպես Վրաստանի կառավարություն, պետք է էլ ավելի խորացնենք մեր երկկողմ հարաբերությունները»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Գալիում տեղի է ունեցել միջադեպի կանխարգելման և արձագանքման մասին հանդիպում: Տեղեկացնում է «News.ge»-ն` փոխանցելով, որ հանդիպմանը Վրաստանի կառավարության ներկայացուցիչը կրկին բարձրացրել է մայիսի 19-ին Զուգդիդիի շրջանի Խուրչա գյուղում Վրաստանի քաղաքացի Գիգա Օթխոզորիայի սպանության հարցը: Վրացական կողմը պահանջել է սպանության մեջ մեղադրվողին հանձնել Վրաստանին, որպեսզի նա պաստասխան տա Վրաստանի դատարանի առջև: