Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործի հետաքննության համար ստեղծված հետաքննական հանձնաժողովի ղեկավար Սերգի Կապանաձեն այսօր՝ հունիսի 8-ին, կհանդիպի սպանված երեխաներից մեկի հոր՝ Զազա Սարալիձեին: «Եվրոպական Վրաստան» կուսակցության տեղեկատվության համաձայն՝ հանձնաժողովի առաջին ընդհանուր նիստը տեղի կունենա այսօր:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Իրակլի Աբեսաձեի խոսքերով այսօր կորոշվի աշխատանքային օրակարգը, գործողությունների հերթականությունն ու ձևաչափը:
«Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը լայն ընդգրկվածությամբ կգործի, որպեսզի սպառիչ պատասխաններ տրվեն գործի հետ կապված բոլոր հարցերին: Հետաքննության ընթացքում չի բացառվում որևէ մեկի՝ այդ թվում վարչապետի, արդարադատության նախարարի կամ այլ պաշտոնատար անձանց հարցաքննությունը»,- ասել է Իրակլի Աբեսաձեն: Տեղեկացնում է Ինտերպրեսնյուսը: