Թբիլիսիում տեղի ունեցող բողոքի ցույցերը, ինչպես նաև հունիսի 10-ին խորհրդարանի շենքի մոտ նախատեսված ակցիան, աշնանը կայանալիք ցույցերի նախերգանքն են: Նման կարծիք է հայտնել փորձագետ Լադո Պապավան։
«Պալիտրանյուս»-ի «360 աստիճան» հաղորդման ընթացքում Պապավան ասել է, որ հունիսի 10-ի ակցիան լայնամասշտաբ չի լինի, կմասնակցեն միայն ակցիան նախաձեռնող կուսակցությունների աջակիցները:
«Սա ամբողջական ընդդիմությունը չէ, սա «ազգային» ընդդիմությունն է, որոնք «Միացյալ ազգային շարժումից» մասնատված կուսակցություններ են: Կհավաքվեն նաև փոքր, չգրանցված կուսակցություններ: Հիմա նրանք փորձ են անում, որպեսզի աշնանը, ընտրություններից հետո, հավաքվեն և հայտարարեն, թե ընտրությունները կեղծվել են։ Լավ չէ, որ այս փորձի ժամանակ օգտագործվում են խնդիրներ ունեցող մարդիկ»,- հայտարարել է Պապավան: