Ախալցիխեի թիվ 3 հայկական դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է, գտնվում է տնօրենի սենյակում, սակայն իրավունք չի տրվել այն դպրոցի պատին փակցնել։ Այս մասին Akhaltskha.Net-ին տեղեկացրել է դպրոցի ուսուցիչներից մեկը։
Ուսուցչի տեղեկությունների համաձայն` հայատառ ցուցանակը պատրաստելուն պես դպրոցի տնօրինությունը ռեսուրս-կենտրոնի միջոցով դիմել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությանը, որտեղից, սակայն, բացասական պատասխան է ստացվել։
Վալե քաղաքի թիվ 3 հայկական հանրային դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյանի խոսքով, իրենք եւս ըստ օրենքի պատրաստվում են փոխել հին հայատառ ցուցանակը նորով, սակայն տեղեկացել են, որ ցուցանակի վրա կարելի է գրել միայն այնպես, ինչպես գրված է դպրոցի կնիքի վրա։ Հետեւաբար, դա նշանակում է, որ տվյալ դպրոցի ցուցանակի վրա ևս չի լինելու հայերեն գրություն։
Կայքի տեղեկություններով՝ վերջերս հայկական ցուցանակը հանվել է նաեւ Մեծ Պամաճ գյուղի դպրոցի պատից:
Հատկանշական է այն փաստը, որ օրինակ Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցում թույլատրվել է պատին վրացերենի ու անգլերենի կողքին փակցնել նաեւ հայատառ ցուցանակ։
Նյութը արտատպված է akhaltskha.net կայքից։