Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելեց Թբիլիսիի թիվ 103 հանրակրթական դպրոցի հայկական բաժին։ Դպրոցում նախարարը հանդիպեց Վրաստանի ԿԳ փոխնախարարի և դպրոցի տնօրինության հետ, ներկա գտնվեց հայ աշակերտների՝ Սայաթ-Նովային նվիրված միջոցառմանը:
«Նոր կառավարությունը հավատարիմ է մնում Վրաստանի հետ արդեն եղած համագործակցությանը, մենք պատրաստ ենք դրանք խորացնել՝ բոլոր խնդիրները լուծելու նպատակով»,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը:
Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին էլ իր խոսքում նշեց, որ ցանկացած էթնիկ փոքրամասնության կրթությունը Վրաստանի կառավարության հիմնական նպատակներից մեկն է:
«Երկու երկրների համագործակցությամբ կլուծենք բոլոր խնդիրները, զրուցել ենք լեզվի և գրականության նոր գրքեր կազմելու մասին: Ուրախ ենք, որ նոր կառավարությունն առաջին պաշտոնական այցը կատարեց հենց Վրաստան, կարծում եմ կխորացնենք մեր հարաբերությունները»,-ասաց Լիա Գիգաուրին: