Հայ առաքելական եկեղեցին հուլիսի 3-ին նշեց Քրիստոսի պայծառակերպության տոնը` Վարդավառը:
Ժողովրդի կողմից սիրված ազգային-եկեղեցական այս տոնին միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը գալիս է դարերի խորքից:
Ամառվա շոգ օրերից մեկին զովանալու ու տոնը նշելու նպատակով` հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ էին հավաքվել Թբիլիսիի սբ. Գեւորգ առաջնորդանիստ եւ սբ. Էջմիածին եկեղեցիներում: Տոնական պատարագից հետո, քահանաները սուրբ մյուռոնով օրհնեցին ջուրը: Այնուհետեւ, մեծ տոնախմբությամբ, երաժշտության ներքո, եկեղեցիների բակերում հավաքված ժողովուրդը սկսեց «ջրել» միմյանց:
«Ալիք մեդիան » ներկա էր Թբիլիսիի սբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցող տոնախմբությանը: Տոնի խորհրդի մասին զրուցեցինք Քվեմո Քարթլիի հոգեւոր հովիվ, սբ Էջմիածին եկեղեցու սպասավոր Տեր Վիրապ քահանա Ղազարյանի հետ:
«Այսօր Մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որին մեր եկեղեցու հայրերը միացրել են մեր պատմության մեջ մեծ նշանակություն եւ կարեւորություն ունեցող տոներից մեկը՝ Վարդավառը: Այսինքն, քանի որ դեռեւս հեթանոս Հայաստանում մեծ հեղինակություն է վայելել Վարդավառը, որպեսզի չկորեն մեր ավանդույթները, տոնին հոգեւոր իմաստ են տվել: Տիրոջ պայծառակերպությունն այսպես ենք նշում: Շատ կարեւոր է, որ հիշենք ու պահպանենք մեր ավանդությունները»:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ տոնին նվիրված համերգ տեղի չունեցավ, սակայն դա էլ իր պատճառներն ունի: «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանն ասում է՝ մեր երգիչ երգչուհիներին էլ այս անգամ ջրվելու եւ ուրախանալու հնարավորություն տվեցինք, չէ որ սա բոլորի տոնն է:
« Վիրահայոց թեմը ավելի քան 10 տարի է` եկեղեցիների բակերում մեծ միջոցառում է կազմակերպում, եւ հազարավոր մարդիկ գալիս են իրենց պապերի տոնը վերհիշելու: Այս տարի տոնը նշվեց ե՛ւ սբ Գեւորգում, ե՛ւ սբ Էջմիածնում: Երգիչ երգչուհիները նեղվում էին, որ բոլորը ջրվում էին, իսկ իրենք՝ երգում, այդ պատճառով որոշեցինք կենդանի համերգ չտալ, միացնել բարձր հայկական երաժշտություն, որպեսզի բոլորս միասին մասնակցենք տոնին»:
Հարություն Մալխասյանն առաջին անգամ է Թբիլիսիիոմ մասնակցում Վարդավառին: Ասում է` Ջավախքում այլ կերպ են նշում տոնը, այստեղ՝ այլ, սակայն տպավորված է:
«Առաջին անգամ եմ մասնակցում Թբիլիսիում տոնի, մի քանի անգամ մասնակցել եմ իմ հայրենիքում՝ Ջավախքում: Տարբերություն իհարկե կա, սակայն կարող եմ ասել, որ մեծ բավականություն ստացա: Այսօր ուզում եմ ասել` հարտ եմ, որ հայ եմ: Մենք ցույց ենք տալիս Վրաստանում բնակվող վրացիներին եւ ցանկացած այլ ազգի ներկայացուցիչներին, որ մենք հայ ենք, ունենք մեր մշակույթը եւ հպարտ ենք դրանով»:
Եկեղեցու բակում հնչող երաժշտության ներքո շուրջպար էր բռնել «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային համույթը, ինչից հետո խմբին միացավ հավաքված ժողովուրդը: «Տարոնի» պարուսույց Սուրեն Աբրահամյանն իր խոսքում շնորհավորեց բոլորին:
«Շատ խանդավառ օր է, բոլորը՝ մեծ թե փոքր, եկել են ուրախանալու,միմյանց ջրելու. այս տոնը տարիք չի հարցնում: Շնորհավորում եմ բոլորին: Տոնին ակտիվորեն նաեւ մասնակցում էր պարային խումբը, ժողովրդին հրավիրում էր պարի, բոլորս միասին շուրջպար էինք բռնել»:
Տոնախմբության ընթացքում եկեղեցու բակում իր աշխատանքն իրականացնող ոստիկանին ևս երիտասարդները ջրեցին` բացատրելով, որ հայկական եկեղեցու տարածքում Վարդավառ է, և այսօր նեղանալ չի կարելի: