Ռուսաստանն աջակցում է վրացական ընդդիմության ներկայացուցիչ Գիգի Ծերեթելիի թեկնածությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թբիլիսիիում մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ռուսական պատվիրակության անդամ, պատգամավոր Նիկոլայ Կովալյովը: Հիշեցնենք, որ Եվրոպայի Ժողովրդավարական կուսակցությունը (ԵԺԿ) ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Վրաստանի ընդիմադիր` «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Գիգի Ծերեթելիի թեկնածությունը: Կովալյովը տեղեկացրել է, որ Ծերեթելին այդ պաշտոնում կլինի արժանի նախագահ, հավելելով, որ նրա թեկնածությունը պաշտպանում են նաև ռուսական պատվիարկության մյուս անդամները:
Վրաստանի իշխող` «Վրացական երազանք» կուսակցությունը դեմ է այդ պաշտոնում Ծերեթելիի ընտրությանը:
Թեմայի շուրջ «Ալիքի» հետ զրույցում Վրաստանի տեղահանվածների և փախստականների վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին ասաց. «Միացյալ ազգային շարժման ցանկացած անդամի ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի պաշտոնում ընտրությունը, պարզապես ամոթ է: Այս կուսակցության անցյալը, պատմությունը, գործունեությունը, այն ինչ արել եւ անում են Վրաստանում, դեմ է ԵԱՀԿ-ի գլխավոր արժեքներին՝ մարդու իրավունքների պաշտպանությանը: Եթե Գիգի Ծերեթելին դառնա ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ, դա տեղի կունենա միայն Ռուսաստանի աջակցությամբ»:
Հատկանշական է, որ 2006 թ.-ին ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի թեկնածությունը, սակայն վերջինս չէր հաղթել` Ռուսաստանի կողմից աջակցություն չստանալու պատճառով:
Հիծեցնենք` հուլիսի 1-ին Վրաստանում մեկնարկել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նստաշրջանը: Ամառային այս նստաշրջանն ավարտվելու է հուլիսի 5-ին` «Թբիլիսիի հռչակագրի» և վեհաժողովի նախագահի ընտրությամբ: