Այս տարվա մայիսի 11-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ակտիվ քաղաքականություն վերադարձած Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին ընտրվեց կուսակցության ղեկավար: Նա դիմել է համագումարի մասնակիցներին և խոսել տարբեր կարևորության հարցերի վերաբերյալ:
Factcheck-ը ստուգել է Բիձինա Իվանիշվիլիի մի քանի հայտարարություններ:
«Այսօր ամբողջովին պաշտպանված է մարդու սեփականության իրավունքը, որը նախկին իշխանությունների ժամանակ չի եղել… այլևս գոյություն չունի էլիտար կոռուպցիա»:
Heritage Foundation-ի տնտեսական ազատության ինդեքսի բաղադրիչներից մեկը հենց սեփականության պաշտպանվածության ցուցանիշն է: 2018 թվականի զեկույցի համաձայն, Վրաստանի ցուցանիշը 55.2-ից դարձել է 62.5 միավոր: Արդյունքում, Վրաստանը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը: 2012 թվականին Վրաստանը 40 միավորով զբաղեցրել է 71-րդ հորիզոնականը:
Համանման ցուցանիշ է արտացոլում նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության զեկույցը, որի համաձայն, 2012 թվականին (2012-2013 հաշվետու ժամանակաշրջան) Վրաստանը, սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից 3.1 միավորով, 144 երկրներից 131-րդն էր: 2017 թվականի տվյալներով (2017-2018 հաշվետու ժամանակաշրջան) Վրաստանը 4.7 միավորով 46-րդ հորիզոնականում է: Հատկանշական է, որ 2016-2017 թվականների տվյալների համեմատ, սեփականության իրավունքի տեսանկյունից Վրաստանը երեք հորիզոնականով հետընթաց է գրանցել, չնայած 2012 թվականի համեմատ առաջընթացն ակնհայտ է:
Համաշխարհային արդարադատության ծրագրի տվյալներով, 2012-2013 թվականներին Վրաստանում կոռուպցիայի բացակայության ցուցանիշը 0.77 է կազմել և 97 տարածքային միավորումների միջև 21-րդ հորիզոնականում է եղել: 2017 թվականի տվյալներով այս ցուցանիշը հետընթաց է գրանցել և կազմել 0.71: 113 երկրներից Վրաստանը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը: Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսի դեպքում, Վրաստանը 2012 թվականին 52 միավորով զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը, 2016 թվականի տվյալներով՝ 57 միավորով՝ 44-րդ հորիզոնականը, իսկ 2017-ին` 56 միավորով` 46-րդ հորիզոնականը:
«Այսօր, ինչպես երբեք, ազատ և պաշտպանված է բիզնեսը»:
Բիզնեսի ազատությունը Heritage Foundation-ի բաղկացուցիչ մասն է կազմում` Տնտեսական ազատության ինդեքսում: Առաջին աղյուսակում ներկայացված է նշված ոլորտում Վրաստանի գրանցած հաջողությունները: Թեև, հատկանշական է, որ նշված ինդեքսը ներառում է ինստիտուցիոնալ/հայտարարագրված տեղեկություններ:
Ժամանակաշրջան | Տնտեսական ազատություն | Բիզնեսի ազատություն | ||
Միավոր | Վարկանիշ | Միավոր | Վարկանիշ | |
2012 | 69,4 | 34 | 86,9 | 23 |
2013 | 72,2 | 21 | 90,6 | 16 |
2014 | 72,6 | 22 | 87,8 | 18 |
2015 | 73,0 | 22 | 88,6 | 16 |
2016 | 72,6 | 23 | 86,5 | 14 |
2017 | 76,0 | 13 | 87,2 | 16 |
2018 | 76,2 | 16 | 86,9 | 19 |
Ինչպես երևում է աղյուսակից, տնտեսական ազատության ինդեքսում առկա առաջընթացը գրանցվել է ինչպես ռեյտինգային միավորի, այնպես էլ ռեյտինգային հորիզոնականի տեսանկյունից: Իսկ Բիզնեսի ազատության տեսանկյունից, վարկանիշը չի բարելավվել, չնայած այլ երկրների տվյալների վատթարացման հետևանքով, 2012-2018 թվականներին Վրաստանը 10 հորիզոնականով առաջընթաց է գրանցել:
«Նախորդ տարի Վրաստանում օտարերկրյա ներդրումները ռեկորդային ցուցանիշի են հասել»:
Վրաստանի ազգային վիճակագրական գործակալության տվյալներով, 2017 թվականին Վրաստանում օտարերկրյա ներդրումները կազմել են 1 միլիարդ 862 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 2006-2017 թվականների ամենաբարձր ցուցանիշն է:
Չնայած, հարկ է նշել, որ ազգային վիճակագրական գործակալության բազայում օտարերկյա ներդրումների տվյալները վերջին ամիսների ընթացքում երկու անգամ փոխվել են: Ուղղումներ են մտցվել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության խորհուրդները հաշվի առնելով: Ուղղումների հետևանքով, 263 միլիոն դոլարով նվազել են 2007 թվականի ներդրումներին վերաբերող տվյալները, որը մինչ փոփոխությունը կազմել է 2 միլիարդ 15 միլիոն ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, ներդրումների տվյալների համեմատությունը միայն բացարձակ թվերով, ճիշտ չէ: Այս դեպքում իրական հարստությունը ցույց է տալիս երկրի ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը: Նման վերլուծությունում կտեսնենք, որ 2017 թվականի ներդրումների քանակի՝ ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը ռեկորդային չէ: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2007 թվականին` 17.2 տոկոս:
Վերջին հինգ տարիների տվյալների համաձայն, տնտեսական աճի առումով, Վրաստանը տարածաշրջանում առաջատար է, իսկ IMF-ի տվյալներով, վերջին 6 տարիների տնտեսական կանխատեսումներով Վրաստանը առաջատար է ոչ միայն տարածաշրջանում, այլ Եվրոոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև:
2013-2017 թվականներին Վրաստանում միջին տնտեսական աճը կազմել է 3.75 տոկոս, ինչը հարևան Թուրքիայի ցուցանիշից պակաս է (6%), իսկ Հայաստանի ցուցանիշից ավելի է ընդամենը 0.17 տոկոսով:
IMF-ի կողմից սահմանված շրջաններում (ԱՊՀ երկրներ, Ուկրաինա, Վրաստան և Թուրքմենիա) Վրաստանը 12 երկրներից 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Ինչ վերաբերում է հետագա տարիների կանխատեսմանը, Բիձինա Իվանիշվիլիի կողմից նշված տարածաշրջաններում (Եվրոպա և Կենտրոնական Ասիա) 2018-2023 թվականներին կանխատեսված միջին տնտեսական աճով Վրաստանը 4.96 տոկոս ցուցանիշով հետ է մնում Թուրքմենիայից (5.69) և Ուզբեկստանից (5.58): Հարկ է նշել նաև, որ եվրոպական մի շարք երկրներ տնտեսական զարգացվածության տեսանկյունից զգալիորեն առաջ են Վրաստանից, հետևաբար, նման զարգացող երկրի (Վրաստանի) հետ համեմատած` տնտեսական ցածր աճը բնական է: Զարգացած երկրներում տնտեսական պոտենցիալն ավելի է իրացված, իսկ զարգացող երկրներում թերզարգացած, կամ ընդհանրապես չզարգացած ոլորտների առկայությունը տնտեսական աճի մեծ հնարավորություններ է ստեղծում: