Հայաստանում անցկացվող թանգարանային գիշեր մշակութային միջոցառմանն ընդառաջ` Երևանում բացվել է վրաց գեղանկարչուհի Ցիռա Կալանդաձեի ապլիկացիոն աշխատանքների ցուցահանդեսը։
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում հանգրվանած ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր նաև հեղինակը, ով «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը հնարավոր է եղել իրականացնել իր վաղեմի ընկեր՝ գեղանկարչուհի Զարուհի Մուրադյանի շնորհիվ, ով նաև պատկերասրահի տնօրենն է։
«Զարմանալի է, թե ինչպես է ստացվել, որ ավելի վաղ չեմ ունեցել այստեղ ցուցադրություն։ Զառային հանդիպել ենք 1985 թվականին, Շորժայի նկարիչների ստեղծագործական տանը, հայ նկարիչների հետ համատեղ ցուցադրություն ենք ունեցել այնտեղ, այնուհետև մեր աշխատանքները ցուցադրվել են Երևանում։ Սակայն սա առաջին անհատական ցուցահանդեսն է Երևանում։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, հարազատներիս գրկում։ Շատ եմ սիրում այս երկիրն ու բազմաթիվ ընկերներ ունեմ այստեղ»,-ասում է նկարչուհին՝ կարևորելով հայ-վրացական բարեկամական հարաբերությունների պահպանումը նաև արվեստի միջոցով։
Ցիռա Կալանդաձեն սերում է հայտնի գեղանկարիչների ընտանիքից։ Նրա հայրը վրաց հայտնի նկարիչ Էդմոնդ Գաբրիել Կալանդաձեն է, ով ժամանակին Վրաստանի նկարիչների միության նախագահն է եղել։ Կալանդաձեի պապիկի եղբայրը հայտնի նկարիչ Դավիթ Կակաբաձեն է, ում անունով նույնիսկ փողոց կա Վրաստանում։
Ապլիկացիայով Կալանդաձեն զբաղվում է վերջին մի քանի տարիներին։ Ցուցահանդեսին ներկայացված ապլիկացիաներում յուրահատուկ կերպով ընգծվում է վրացիների ազգային դիմագիծը։ Ամենապարզ, առօրեական թեմաներ ներկայացնող պատկերները յուրօրինակ կոլորիտ ու տրամադրություն են ստեղծում։
Ցուցահանդեսը հյուրընկալած պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշում է, որ վաղուց էր ցանկանում ներկայացնել վրացական արվեստը։
«Շատ պատահական ստացվեց Կալանդաձեի աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպելը։ Իր տանն էի, ինձ շատ դուր եկան աշխատանքները, դրանց տեղափոխումը կազմակերպելը շատ հեշտ էր, ուստի որոշեցինք և շատ արագ ստացվեց ամեն բան։ Իսկ արդյունքից շատ գոհ եմ, իմ պատկերասրահը լցվել է ուրախ, լուսավոր և ազգային արվեստով»,-ասում է Մուրադյանը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 30-ը։ Մուտքն ազատ է։