Այս օրերին Հայաստանում առաջին անգամ անցկացվում է իրավունքի փառատոն։ Նախաձեռնությունը՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ինն է։ Մայիսի 16-ից մայիսի 24-ն անցկացվող «Հոդված 3 իրավունքի փառատոնը» կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը՝ նպատակ ունենալով հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը, դառնալ նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ձևավորել մարդու իրավունքների գնահատման և վերարժևորման մշակույթ։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանն «Ալիք մեդիային» ասում է, որ հատկապես այս օրերին, երբ Հայաստանում քաղաքացին վերանվաճեց իր իրավունքները, կարևոր էր ստեղծել նոր հարթակ տարբեր ոլորտների մասին իրավունքների իրազեկման, գիտելիքների ձեռքբերման համար։
«Այսօր մեր երկրում բացառիկ իրավիճակ է ստեղծվել, երբ Սահմանադրության 3-րդ հոդվածը, որը սահմանում է՝ Հայաստանում Մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են, վերջապես իրացվելու է և իրականություն դառնալու, այնպես որ «Հոդված 3 Իրավունքի Փառատոնը» նոր, վերածնված Հայաստանի քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման և արժևորման հարթակներից մեկը կարող է դառնալ»,-ասում է Աբրահամյանը:
Փառատոնի օրերին իրականացվելու են իրավունքների վերաբերյալ հանդիպումներ և քննարկումներ Երևանի համալսարաններում, այգիներում, թատերական ներկայացում, թեմատիկ STREET ART և այլ միջոցառումներ։
Փառատոնի շրջանակներում Հայաստանում ներկայացվում են նաև ՄԱԿ-ի հռչակագրի 70-ամյակին նվիրված համաշխարհային մրցույթի հաղթած 40 նկարները, որոնք հերթով պտտվում են ամբողջ աշխարհում։