Վրաստանյան մամուլի առաջին էջերում Թուրքիայի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունն է: «Netgazeti.ge»-ն «Թուրքիա` 2 տարվա ընթացքում 8 ահաբեկչություն» վերնագրով հոդվածում տեղեկացնում է, որ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 41 մարդ: Պարբերականն այնուհետև վերլուծում է Թուրքիայում ստեղծված իրավիճակը` նշելով, որ վերջին երկու տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած թվով 8 ահաբեկչություններից 4-ի պատասխանատվությունն իր վրա է վերցրել քրդական «TAK» («Քրդստանի ազատության բազեներ») զինված խմբավորումը, միայն 1-ը՝ «Իսլամական պետությունը»: Մյուս երեք սարսափելի իրադարձությունների կազմակերպիչները ոչինչ չեն խոստովանել, սակայն, ըստ պարբերականի, ամենայն հավանականությամբ դրանց հետևում ևս իսլամիստ ծայրահեղականներն են:
ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովին ընդառաջ, վրացական լրատվամիջոցները փորձում են հասկանալ, թե ինչ կտա այն Վրաստանին: Այս առիթով «Kvira.ge»-ն «Ինչ ակնկալիքներ ունի Վրաստանը Վարշավայի գագաթնաժողովից» հոդվածում մատնանշում է պաշտպանունակության ամրապնդումը` հավելելով, որ ՆԱՏՕ-ն կգնահատի երկրում առկա առաջընթացը: Թերթը տեղեկացնում է նաև, որ վրացական պատվիրակությունն այս կարևոր իրադարձությանը գլխավորելու է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այսպիսով, ըստ հոդվածագրի, Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքից մեծ աջակցություն է ակնկալում. Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ և հուսալի ռազմավարական գործընկերներից է, որի մասին խոսում է այն, որ դաշինքի ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի գործողություններին հաճախ են կարևորում վրաստանցի զինծառայողների մասնակցությունը:
Թերթերը, առցանց պարբերականները անդրադառնում են նաև ամռան այս օրերին երկրի տարբեր հատվածներում պատուհասած բնական աղետներին: Ռուսաստանը և Վրաստանը միացնող ռազմավարական ճանապարհը կրկին փակ է` սողանքների ու քարաթափումների պատճառով: Վերին Լարս տանող ճանապարհի 800 մետր հատվածը փաստացի գոյություն չունի»,- ահա այսպես է Ալիք մեդիային բնութագրել իրավիճակը Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Խաթունա Փայչաձեն: Նա հույս է հայտնել, որ ճանապարհը, որտեղ կուտակված են հարյուրավոր մեքենաներ, կվերաբացվի 10 օրից:
Իսկ «Frontnews»-ը անդրադառանում է Աջարիայում տեղի ունեցած հորդառատ անձրևների պատճառած վնասներին: Քեդիի և Շուախևիի շրջաններում 4 գյուղ զրկված է հաղորդակցությունից, 400 ընտանիք էլեկտրաէներգիայից, մի քանի ընտանիք տեղահանել է: Պարբերականի փոխանցմամբ` Շուախևիի շրջանում տեղումները շարունակվում են:
«Interpressnews»-ը, վկայակոչելով Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը, հաղորդում է, որ նախորդ տարվա համեմատությամբ` վրացական դեղձի արտահանման ծավալներն ավելացել են: Սպասվում է, որ այս տարի արտահանվող բերքի քանակը կկազմի 30 հազար տոննա: Վրացական դեղձը արտահանվում է Ռուսաստան, Ադրբեջան, Ղազախստան, ավելի փոքր քանակով նաև Հայաստան և Ուկրաինա:
«Kvira.ge» պարբերականը շարունակում է լուսաբանել Ռուսաստանի կողմից լրտեսության մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիների ազատ արձակման դեպքերին: Ըստ թերթի` Ռուսատանում լրտեսության մեջ մեղադրված Վրաստանի 7 քաղաքացիներ արդեն տուն են վերադարձել: Հիշյալ թեման Վրաստանի վարչապետի ՌԴ-ի գծով խորհրդական Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի` Պրահայում տեղի ունեցած հանդիպման օրակարգում է եղել: