Եվրոպական ILGA-Europe իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ԼԳԲՏ (լեյսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների պաշտպանության ինդեքսը:
Իրավապաշտպան կազմակերպությունը Եվրոպայի ավելի քան 49 երկրում անցկացնում է ամենամյա հետազոտություն (Rainbow Europe) և հրապարակում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ տվյալներ 0-100% ինդեքսով:
2018 թվականի հետազոտության համաձայն Վրաստանին ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության առումով 100%-ից տրվել է 25,87%:
Վրաստանն այս ցուցանիշով տարածաշրջանում առաջինն է, իսկ հետխորհրդային տարածքում՝ երկրորդը․ Վրաստանին այս ցուցանիշով գերազանցում է Էստոնիան (39%): Rainbow Europe-ի ցուցանիշի համաձայն՝ Վրաստանը գերազանցում է Եվրամիության երկրներից Բուլղարիային, Ռումինիային, Լիտվային, Լեհաստանին և Լատվիային:
Հետազոտության հեղինակները նշում են, որ 49 երկրից միայն 16-ում է գրանցվել 50%-ից բարձր ցուցանիշ: ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության առումով առաջատար է Մալթան (91,04%), նրան հաջորդում են Բելգիան (78,76%), Նորվեգիան (77,74%), Միացյալ Թագավորությունը (73.42%) և Ֆինլանդիան (73.27%):
Իսկ սեռական փոքրամասնությունների իրավունքները ամենաշատն անպաշտպան են Ադրբեջանում (4,7%): Վերջին հնգյակում են նաև Հայաստանը (7,2%), Թուրքիան (8,6%), Մոնակոն (9,76%) և Ռուսաստանը (10,9%):
Լուսանկարը` netgazeti.ge