Ավարտվել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլիի մեկօրյա աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետության:
Նախարարության տվյալներով, հանդիպումներ են անցկացվել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆիի, էկոնոմիկայի և ֆինանսների, Քաղաքաշինության, ինչպես նաև երկրի նավթային արդյունաբերության նախարարների հետ:
Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա խորացման, էներգետիկ ուղղության և տարածաշրջանային նախագծերում համագործակցության զարգացման հարցերը: Բազմակողմ տնտեսական համագործակցությունը զգալիորեն կնպաստի Վրաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանը ընդգծվել է, որ Վրաստանը կարող է իրանական շուկա արտահանել այնպիսի ապրանքներ, որոնք ներկրում է աշխարհի տարբեր երկրներից, օրինակ հանքային ջուր, բնական հյութեր, առանց ալկոհոլի գազավորված ըմպելիքներ, տեքստիլ արտադրանք և այլն: