Թբիլիսիում սկսվել են ճանապարհների մաքրման պլանային աշխատանքներ՝ հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Թբիլիսիի քաղաքապետարանին պատկանող «Թբիլսերվիսգրուփ» կազմակերպության հատուկ տեխնիկան ամենօրյա ռեժիմով պետք է մաքրի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն ու պողոտաները՝ բոլոր տասը շրջաններում: Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել էր, թե քաղաքապետարանը նպատակ ունի հատուկ տեխնիկա ձեռք բերել, որը թույլ կտա ավելի մաքուր դարձնել մայրաքաղաքը: Ապրիլին մեկնարկած մաքրման աշխատանքների շրջանակներում մաքրվում, լվացվում են Թբիլիսիի կամուրջները, թունելներն ու էստակադաները, գետնանցումները: Մաքրման աշխատանքներին զուգահեռ տարվում են նաև կանաչապատման, այգիների ու պուրակների բարեկարգման աշխատանքներ: Ծրագրված է ավելի քան 19 հազար աղբարկղերի մաքրման և ախտահանման աշխատանքներ: