Մայիսի 6-ին Կախեթիում անցկացված վազքարշավով Վրաստանն արդեն 5-րդ անգամ միացավ Wings for Life միջազգային բարեգործական մարաթոնին։
Մարաթոնի 7000 մասնակիցները, որոնց թվում էին պրոֆեսիոնալ մարզիկներ, վազքով հետաքրքրվող, ինչպես նաև հաշմանդամի սայլակով քաղաքացիներ, մասնակցել են Լոպոտայի ոլորաններից Կավկասիոնի լեռնաշղթայի ուղղությամբ անցկացված մրցույթին։
Wings for Life World Run-ը եզակի մարաթոններից է, որտեղ սահմանված չէ վազքի երկարությունն ու ժամանակահատվածը, գոյություն չունի նաև ավարտի գիծ: Յուրաքանչյուր մասնակցի համար մրցույթի ավարտն ազդարարում է այսպես կոչված ֆինիշի մեքենան, որը մարաթոնի մեկնարկից 30 րոպե անց շարժվում է 15 կմ/ժ արագությամբ, այնուհետև արագությունը մեծացնում է մինչև 35 կմ/ժ: Վազքարշավի մասնակիցը դուրս է մնում մարաթոնից, եթե մնում է մեքենայի հետևում:
«Սպորտը բոլորի համար» նշանաբանի ներքո Մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացված միջոցառումը նվիրվում է Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100 ամյակին:
Տղամարդկանց մրցաշարում լավագույն արդյունք է ցույց տվել Ալեքսանդր Չեբուրկին՝ անցնելով 74,69 կիլոմետր տարածություն, իսկ կանանց մրցավազքում առաջին տեղը զբաղեցրել է Նինա Զարինան՝ անցնելով 47,3 կիլոմետր տարածություն: Վերջինս գրանցած ցուցանիշով Wings for Life World Run-2018-ի կանանց մրցաշարի միջազգային ցանկում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։