Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին երկրի քաղաքացիներին կոչ է անում հետևել հակածխախոտային օրենքին ու չծխել։
Բացի այդ, վարչապետը ՆԳՆ-ին կոչ է արել օրենսդրության կիրառման համար արդյունավետ հսկողություն իրականացնել: Մայիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ծխախոտի վերահսկողության մասին» օրենքի փոփոխված տարբերակը, որը, ըստ վարչապետի, այդ առումով Վրաստանը տարածաշրջանում դարձնում է առաջատար երկիր:
«Վրաստանում ծխախոտից մահացությունը կազմում է 22 տոկոս, իսկ աշխարհում՝ 10: Սա աղետալի ցուցանիշ է: Ես կոչ եմ անում քաղաքացիներին՝ խնդրելով հասկանալ օրենքը, հետևել դրան: Մենք ծխախոտի ծխից պետք է պաշտպանենք մեր քաղաքացիներին, հատկապես երեխաներին: Աշխարհի տարբեր երկրների փորձը վկայում է, որ նման օրենքի կիրառումը կտրուկ նվազեցնում է ծխախոտի ազդեցությունը»,-interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Կվիրիկաշվիլին: