Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին քաղաքականություն է վերադառնում: Նա կզբաղեցնի իր հիմնադրած կուսակցության ղեկավարի պաշտոնը:
Այն, որ «Վրացական երազանք»-ում ամեն բան չէ հարթ, արդեն իսկ պարզ է: Ամեն ինչ սկսվեց Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության ժամանակ, երբ Խորհրդարանը մի քանի անգամ չկարողացավ ընտրել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան»-ի կողմից առաջադրված Նինիա Կակաբաձեին, իսկ նրան ընտրելուց հետո մեծամասնության անդամ Գեդևան Փոփխաձեն հայտարարեց կուսակցությունից դուրս գալու մասին։
«Մենք չպետք է կողմ քվեարկենք պատրիարքին հայհոյողին»,- հայտարարել էր Փոփխաձեն:
Նինիա Կակաբաձեն մեդիափորձագետ է: Տարիներ շարունակ աշխատել է տարբեր լրատվամիջոցներում:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Կակաբաձեն հայտարարեց, որ «Վրացական երազանքում» առճակատումներ կային մինչ հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրությունը։
«Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը դրական եմ գնահատում, սակայն ոչ թե այն պատճառով, որ նրան համակրում եմ, այլ միայն և միայն նրա համար, որ նա մինչ այս էլ «Վրացական երազանքի» ղեկավարն էր, սակայն ստվերում էր: Հիմա գիտենք, թե պաշտոնապես ում պետք է դիմենք և ով է իշխող թիմի դեմքը»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Նինիա Կակաբաձեն:
«Վրացական երազանքի» անդամները հույս ունեն, որ Բիձինա Իվանիշվիլիի վերադարձով ամեն ինչ կհարթվի: Այդ մասին հայտարարել է ինչպես խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, այնպես էլ «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:
«Երկար ժամանակ է, ինչ Իվանիշվիլիի վերադարձի վերաբերյալ խոսակցություններ կան: Սա նոր քաղաքական իմպուլս կտա: Պարոն Բիձինայի ներգրավվածությունը կհզորացնի կուսակցությունը»,- հայտարարել է Մդինարաձեն:
Գրեթե նույն հայտարարությունն է արել նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Սա շատ լավ որոշում է: Իվանիշվիլիի վերադարձը կօգնի հզորացնել ժողովրդավարական ինստիտուտները, կուսակցության դերը և այսպես շարունակ: Ինչ վերաբերում է կուսակցության գործող նախագահ Գիորգի Կվիրիկաշվիլիին, ապա նա կշարունակի իր աշխատանքը վարչապետի պաշտոնում»,- հայտարարել է Կալաձեն:
Բիձինա Իվանիշվիլիի վերադարձին անդրադարձել է նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե այս ամենը կապված է հայաստանյան իրադարձությունների հետ, երբ հանրության ճնշման ներքո հրաժարական տվեց տասը տարի երկիրը ղեկավարելուց հետո վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը։
«Վրաստանում ժողովուրդը այս տարի կվերադարձնի իր իշխանությունը»,- գրել է Սաակաշվիլին, նկատի ունենալով այս տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները: Վերադառնալով Բիձինա Իվանիշվիլիին, հարկ է նշել, որ քաղաքականությունից հեռանալու ժամանակ, նա հայտարարել էր, որ կվերադառնա «եթե Վրաստանում ինչ-որ ողբերգություն լինի»: